shape

Հինանց ԽԹ օր

  • 27 մայիսի, 2023 թ.
  •  

    1 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք: 2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտրում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից: 3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ տասներկուսի թւում էր: 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի: 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ: 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտրում նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի: 7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել պասեքը: 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին ու Յովհաննէսին եւ ասաց. «Գնացէք պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»: 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»: 10 Եւ նրանց ասաց. «Ահա, երբ քաղաք մտնէք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կմտնի: 11 Եւ կասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է. ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”: 12 Եւ նա ձեզ ցոյց կտայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կպատրաստէք»: 13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը: 14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ: 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: 16 Բայց ասում եմ ձեզ, որ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծոյ արքայութեան մէջ»: 17 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, որ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծոյ արքայութիւնը»: 19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»: 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած: 21 Բայց ահաւասիկ, իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է: 22 Եւ մարդու Որդին աշխարհից կգնայ՝ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնուի»: 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ով է, որ այդ անելու է: 24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ով պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: 28 Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրն ինձ խոստացաւ տալ արքայութիւնը, 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»:

     

     Ավ. ըստ Ղուկասի 22.1-30

     Գործք 28.17-32

     Հուդա 1.17-25

     Ավ. ըստ Հովհաննեսի 13.31-14.13

     Ավ. ըստ Մատթեոսի 24.1-26.2

     Ավ. ըստ Մարկոսի 14.1-26

    shape
    book-shape