shape

Հիշատակ հին տապանակի և նոր Սուրբ Եկեղեցու տոն

  • 15 հուլիսի, 2023 թ.
  •  

    Հոգեգալուստից հիսուն օր հետո, Վարդավառի կիրակիի նախորդ օրը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ուխտի Տապանակի տոնը: Տապանակը նախատիպ է համարվում Նոր Ուխտի տապանակի՝ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Հին Ուխտում այն հրեաների կողմից ամենահարգված ու սիրված հատուկ սրբություն էր՝ մի նվիրական արկղ, որի մեջ պահվում էր Տասը Պատվիրանների քարե տախտակները, Ահարոնի ծաղկյա գավազանը և մանանայով լի ոսկե սափորը: Տապանակը դրվում էր Սրբություն Սրբոցում, ուր անտեսանելիորեն ներկա էր Աստված: Սրբություն Սրբոցը՝ Ուխտի Տապանակով, խորհրդանիշն էր բուն երկնքի, ուր մտավ մեծ Քահանայապետը՝ Քրիստոս՝ Իր արյամբ մեզ համար հավիտենական փրկություն ապահովելով:

    Աստվածաշնչում այսպես է նկարագրված տապանակի կառուցումը. «Բեսելիելը Տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկես կանգուն էր դրա երկարությունը, մեկուկես կանգուն` լայնությունը, մեկուկես կանգուն` բարձրությունը: Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, դրա վրա շուրջանակի ոսկե պսակ շինեց: Չորս ոսկե օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ` մի կողմից, և երկու օղակներ` մյուս կողմից: Դրանք հագցրեց լծակներին: Լծակները շինեց կարծր փայտից և դրանք պատեց ոսկով: Լծակները Տապանակի կողքերից մտցրին օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն այն: Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկես կանգուն էր դրա երկարությունը, մեկուկես կանգուն` դրա լայնությունը: Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբեները պատրաստեց ոսկուց. կատարյալ մի գործ շինեց դրանք: Մի քերովբեն դրված էր կափարիչի մի ծայրին, իսկ մյուս քերովբեն` կափարիչի մյուս ծայրին: Երկու քերովբեները միաձույլ էին կափարիչի երկու ծայրերի հետ: Քերովբեները դեպի վեր էին տարածել իրենց թևերը և իրենց թևերով հովանի էին անում կափարիչի վրա: Կափարիչի վրա քերովբեների դեմքերն իրար դեմ դիմաց էին» (Ելք 37:1-9):

    Ուխտի Տապանակը, որպես Աստծո իմանալի ներկայություն, անապատով ընթանալիս ղևտացի քահանաները տանում էին ժողովրդի առջևից: Ուխտի Տապանակի հետ կապված են բազմաթիվ հրաշքներ. Հորդանան գետի բաժանվելը երկու մասի՝ Իսրայելի ժողովրդի անցման համար, Տապանակի հետ միասին Երիքովի շուրջ 7 անգամ պտտվելուց հետո քաղաքի պարիսպների փլվելը: Պատերազմի ժամանակ, երբ Ուխտի Տապանակը գերվում է փղշտացիների կողմից, շուտով այն ետ են վերադարձնում աստվածառաք հարվածով:

    Ուխտի Տապանակը անհետանում է բաբելոնյան գերության ժամանակ՝ հավանաբար ծածուկ տեղ պահվելով բարեպաշտ հրեաների կողմից:

    Քանի որ Տապանակը Հին և Նոր Ուխտի հաստատությունն է նշանակում, ուստի տոնը նվիրված է Հին և Նոր Ուխտի հաստատության հիշատակին:

    Տապանակը խորհրդանշում է

    Քրիստոսի անապական Մարմինը, ինչպես նաև` առաջին հայրապետներին, մարգարեներին ու առաքյալներին:

    Տապանակը հրեշտակների հետ է համեմատվում, քանի որ նրանք բնությամբ անապական են ու անմահ:

    Տապանակի երկարությունը խորհրդանշում է հրեշտակների անմահ կյանքը, իսկ լայնությունը՝ նրանց իմաստությամբ աճելը իրենց էության մեջ:

    Տապանակի ներսից ու դրսից ոսկով պատվելը նշանակում է, որ հրեշտակները աստվածատեսակ են ու մաքուր: Ներսից, որովհետև բնությամբ մաքուր են, իսկ դրսից` որովհետև օրըստօրե ավելանում է նրանց լուսափայլ իմաստությունը:

    Տապանակի չորս օղերը և երկու լծակները նշանակում են, որ հրեշտակները քառանյութ աշխարհին են խնամածու, Աստծու երկու խնամածու զորությամբ` արարչական և արքունական, քանի որ նրանք և՛ բարերար են, և՛ պատժող: Տապանակում պահվող տախտակները նշանակում են, որ հրեշտակները բարին են վկայում պատվիրանները պահողների մասին:

    Տապանակը նաև Սուրբ Աստվածածնին է խորհրդանշում: Նրա կարծր փայտը խորհրդանշում է Աստվածամոր անապական կուսությունը, ներսի ու դրսի ոսկին` հոգու և մարմնի մաքրությունը: Ներսի երկու տախտակները խորհրդանշում են հոգու և մարմնի միավորությունը խոսքով: Տապանակում պահվող մանանան Տիրոջ անապական Մարմինն է, գավազանը` այն, ինչը բխեց Հեսսեի արմատից, իսկ բուրվառը` անուշահոտության կրակը:

    Տապանակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ անփուտ փայտը` Նրա անապական Մարմինը: Ոսկին Աստվածությունն է խորհրդանշում, իսկ կարծր փայտը` Տիրոջ Մարմինը, որին մահը չկարողացավ ծամել: Եվ ինչպես Տապանակը կառուցվել էր ոսկուց ու փայտից և ամբողջական էր, այդպես էլ Խոսքը և Նրա անարատ Մարմինը մի Քրիստոս է` մի Տեր: Իսկ Տապանակի վրա դրված քավությունը հայտնում է, որ Տերը քավություն եղավ մեզ համար:

    Տապանակը քառակուսի ձև ունի և անփուտ է, իսկ աստվածընկալ խաչը քառաթև է ու անապական, և խաչով եղավ մեր քավությունը:

    Տապանակը Սուրբ Եկեղեցին է, որ մեղքերի գիջությունից չի փտում, այլ անապական վարքով ոսկեզարդված է երկու Կտակարաններով: Իսկ քերովբեները խորհրդանշում են երկնավորների սպասավորությունը Եկեղեցում:

    Տապանակի չորս կողմերը նշանակում են, որ Քրիստոսի հավատը տարածվեց աշխարհի չորս կողմերում: Երկու լծակները երկու Կտակարաններն են, ինչպես նաև օրենքներն ու մարգարեությունները: Չորս քահանաները, ովքեր վերցնում էին Տապանակը` չորս ավետարանիչներն են, որ վերցրել էին Քրիստոսի մարդեղության խորհուրդը:

    Լծակների ոսկով պատելը անբիծ հավատի խոստովանությունն է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` բոլոր պատվիրանների պահպանությամբ հանդերձ: Քավության սեղանը, որը Տապանակի վրա էր, խաչն է խորհրդանշում, որով Տերն ամենակատար քավությունը գործեց: Երկու քերովբեներն Աստծու երկու զորություններն են` արարչական և արքունական, իսկ մեկմեկու նայելը նշանակում է աշխարհի պատվելն ու պատուհասվելը:

    Տապանակում պահվող ոսկյա սափորը` լի մանանայով, խորհրդանշում է Աստվածամորը, ով կուսությամբ կրեց երկնքից իջած Կենաց Հացը:

    Այնտեղ պահվում է նաև ծաղկած գավազանը, որը խորհրդանշում է Քրիստոսական քահանայությունը: Երկու տախտակները խորհրդանշում են հոգին ու մարմինը, որոնց վրա Սուրբ Հոգով գրված են Աստծո պատգամները, որոնցից հինգը մարմնի հինգ զգայարաններն են և հինգը` հոգու զորությունները: Եվ գրված են ոչ թե թանաքով, այլ Հոգու շնորհով, սրտի վրա: Իսկ ոսկյա բուրվառը կանանց մեջ օրհնվածն է` Աստվածամայրը` լի Սուրբ Հոգով և Բարձրյալի զորությամբ: Ինչպես բուրվառն իր անուշ հոտով, այդպես էլ Տապանակը խորհրդանշում է Քրիստոսի Մարմնով գալը և Եկեղեցու փառքի երևումը:

    Տապանակը հույժ մեծարվեց Աստծո կողմից և բոլորի վրա մեծ ահ էր սփռում: Քանզի ամպը, որը ցերեկը հովանի էր ժողովրդին, իսկ գիշերը սյունաձև բոց էր տալիս ու առաջնորդում նրանց, այնուհետև Տապանակի վրա էր նստում, որը դրված էր Սրբության Սրբոցում:

    Տապանակը և նրանում եղող ամեն ինչ խորհրդանշում էր նաև Քրիստոսի առաջին գալուստը, իսկ աղբյուր դարձած վեմը, որը նաև խորհրդանիշն է հավիտենական կյանքի, խորհրդանշում է Տիրոջ Երկրորդ գալուստը:

     

    Կազմեց Կարինե Սուգիկյանը

     

     Ելք 25.10-14

     Հեսու 3.14-4.18

     Ա Թագավորություններ 6.18-7.2

     Բ Թագավորություններ 6.12-19

     Եբրայեցիներ 9.1-10

     Ավ. ըստ Մատթեոսի 5.17-20

    shape
    book-shape