shape

Սուրբ Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օր

  • 27 սեպտեմբերի, 2021 թ.
  •  

    Դավիթ Դվնեցի

    Պարսիկ հոր և քրիստոնյա մոր զավակ, նախկին անունն էր Սուրհակ, իսլամ ընդունած ծառայում էր Հայաստանում, արաբական բանակում: Քրիստոնյաների հետ մտերիմ շփումներից հետո, ինքնաբերաբար իր մեջ քրիստոնյա դառնալու ցանկություն առաջացավ: Իր այս մտադրությունը Գրիգոր Մամիկոնյան իշխանին հայտնեց, որը քաջալերեց նրան և օրվա Անաստաս Կաթողիկոսի մոտ տարավ, որը անհրաժեշտը ուսուցանելուց հետո, իր իսկ ձեռքով, նրան մկրտեց Արուճի իր նորակառույց Կաթողիկե եկեղեցում: Գրիգոր Մամիկոնյանն էլ դարձավ իր կնքահայրը և իր հոր՝ Դավթի անունը տվեց նորահավատ իշխանին: Ապա նրան ամուսնացրեց և մի գյուղ էլ հատկացրեց որպես ապրուստի միջոց; Ապա Դավիթը Դվին տեղափոխվեց և շուրջ 30 տարի բարեպաշտ քրիստոնյայի կյանքով ապրեց, որի պատճառով էլ կոչվեց Դվնեցի:

    Երբ արաբ Աբդուլահը. «ժանտ, անառակ և ապերես այրը», Հայաստանի ոստիկանը դարձավ, սկսեց հալածել քրիստոնյաներին: Երբ իմացավ, որ Դավիթը նախկինում իսլամական է եղել, նրան առաջարկեց վերադառնալ նախկին կրոնին: Դավիթը իր հավատքի մեջ աներեր մնաց: Վերջապես նրան խաչելու հրաման արձակվեց և նիզակահարվեց ու սպանվեց 701թ.-ին, գրեթե 60-65 տարեկան հասակում: Եվ թաղվեց Դվինի Ս. Գրիգոր Կաթողիկե եկեղեցում: Նրա հիշատակը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող երրորդ երկուշաբթի օրը: Երեք Հայսմավուրքներում հիշատակվում է մարտի 31-ին, Օրմանյանը նախընտրում է ապրիլի 4-ը:

     

    Ղամբեոս

    Անվան հունարեն տարբերակը Եվլամպիոս է, նրա վարքը և մարտիրոսությունը անբաժան է իր քրոջից՝ Ղամբեուհուց, կամ Եվլամբիայից (տես Գլուխ Դ թիվ 17): Ապրել են Մաքսիմինոս հալածիչ կայսեր օրերին (284-305) Նիկոմիդիա քաղաքում: Որպես քրիստոնյա ձերբակալվեց և նրան բռնությամբ ստիպեցին զոհեր մատուցել կուռքերին: Երբ մերժեց՝ մերկացրին և արջառաջլերով ձաղկելուց հետո բանտարկեցին: Ապա կրակի և այլ տանջանքների փորձություններից ողջ մնալով՝ սրով ստացավ իր նահատակության պսակը:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:

     

    Ղամբեուհի

    Հունարեն տարբերակը Եվլամպիա է: Նիկոմիդիա քաղաքից է: Իր պատմությունը անբաժան է իր եղբոր պատմությունից, որի անունը Ղամբեոս, կամ Եվլամպիոս է: Նախ եղբայրը որպես քրիստոնյա ձերբակալվեց և չարչարվեց, ապա նրան միացավ նաև Ղամբեուհին և երկուսը միասին արիաբար պաշտպանեցին Ս. Կրոնը և անարգեցին կուռքերին: Ծանր չարչարանքների ենթարկվելով՝ միասնաբար գլխատվեցին շուրջ 303 թ.-ին: Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 13.1-7

     Միքիա 7.18-20

     Եբրայեցիներ 12.1-7

     Ավ. ըստ Ղուկասի 13.22-30

    shape
    book-shape