shape

Սուրբ Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օր

  • 14 հունիսի, 2021 թ.
  •  

    Սուրբ Եպիփան Կիպրացի

    Ծնվել է Պաղեստինում 315 թ.-ին, հավանաբար հրեա ընտանիքում: Երկար տարիներ ապրել է Ս. Երկրում և եղել է վանական շարժման բուռն գործիչներից: Իր կողմից էլ Ելևպոնտոսում, հավանաբար իր ծննդավայրում, հիմնել է մի վանք: Կազմակերպիչ և բարեխիղճ հոգևորականի իր համբավն այնքան էր տարածվել, որ 367 թ.-ին, երբ Կիպրոսում եպիսկոպոսական ժողով էր գումարվել տեղի եպիսկոպոսի ընտրության համար, բոլորը միաձայն ընտրեցին Եպիփանին:

    Իր ամբողջ կյանքի ընթացքում եղավ Նիկիական հավատի ջերմեռանդ ջատագովը, ուստի և կատաղի հակառակորդը արիոսականների, բոլոր տեսակի աղանդավորների և հերձվածողների: Այս իսկ պատճառով իր մատենագրության գլուխգործոցը «Հերքումն ամենայն հերետիկոսությանց» երկն է: Այդ երկի մեջ մեկ առ մեկ հիշատակվում և հերքվում են այդ ժամանակներին եկեղեցու ծոցում առաջացած, մինչև իր օրերը եղած մեզ հայտի բոլոր հերետիկոսությունները:

    Իր կյանքի վերջին օրերին, ուղղափառ ճակատի մեջ ծնունդ առած «Ապողինարյան» և «Մելիտյան» հակաճառությունների ընթացքում մեծ գործունեություն ծավալեց: Առաջինը, հակաարիոսական Ապողինարի (310-390) կողմից առաջադրված, Քրիստոսի մասին մի հերետիկոսություն էր. նա ասում էր, որ մարդը բաղկացած է մարմնից, հոգուց և մտքից. Քրիստոս մարդանալու ժամանակ այս առաջին երկուսը առավ մարդկային բնությունից, իսկ մարդկային մտքի փոխարեն բնակվեց Բանը՝ Լոգոսը, թեև Քրիստոս կատարյալ Աստված էր, բայց կատարյալ մարդ լինել չէր կարող: Իսկ «Մելիտյանների» մասին մենք կներկայացնենք Մելիտոս Հայրապետի մասին խոսելու ժամանակ: Սրանց դեմ, իբրև ոչ ամբողջական Նիկիականների դեմ, Եպիփանը հակառակվել էր:

    391թ.-ին Հռոմում հանդիպելով Հերոնիմոսին, նրա հետ միաբանվեց Որոգինես մեծ վարդապետի ինչ-ինչ ուսուցումներ մերժելու համար, որոնք էին՝

    1. Թե հոգիները Պլատոնական «իտե»-ների պես նախագո են:

    2. Թե մեր հետ հարության առնելիք մարմինները բոլորովին տարբերվում են մեր մահկանացու, կամ երկրի վրա ունեցած մարմիններից:

    3. Թե Ս. Գիրքը պետք է հասկանալ և մեկնել միայն այլաբանորեն:

    Հռոմից այցելեց Երուսաղեմ, ապա հերետիկոսների դեմ պայքարելու նպատակով գնաց Կ. Պոլիս, և երբ Կ. Պոլսից իր աթոռն էր վերադառնում՝ Սաղամիս (Կիպրոս), 403 թ-ին հետ դարձի ճանապարհին նավի վրա մահանում է:

    Բացի վերոնշյալ «Հերքումն հերետիկոսաց» գործից, Եպիփանը գրել է բազմաթիվ մեկնողական և ճառախոսական երկեր, որոնք մեծամասամբ թագմանված են հայերեն: Իրեն վերագրվող կամ իր անունով հիշվում են հայալեզու շուրջ 85 կտոր գործեր, որոնց կարևոր մի տոկոսը նրա գրչին անհարազատ է թվում: Եպիփանը իր բնույթով անճկվելի էր, գրեթե մոլեռանդության աստիճան պաշտպանում էր Նիկիական Հավատը և անհանդուրժողական էր բոլոր աղանդավորների նկատմամբ:

    Նրա տոնը հիշատակում ենք մայիսի 12-ին, Հոգեգալստյանը հաջորդող երրորդ երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջին հանդիպող շաբաթ օրը՝ տասներկու վարդապետների հետ:

     

    Բաբելաս Հայրապետ

    Թեև Եվրոպական աղբյուրները նշում են, որ Բաբելասը Անտիոքում եպիսկոպոս էր Գորդիանոս (238-244) կայսեր ժամանակներին, բայց հունաց և մեր Հայսմավուրքներում նշվում է «Նումերիանոս անօրեն արքայի օրոք Բաբելասը Անտիոք քաղաքի հայրապետն էր», իսկ Նումերիանոս կայսրը իշխել է 283-284 թթ.-երին:

    Երբ Նումերիանոսը Անտիոքում էր գտնվում «նախ այցելեց կուռքերի մեհյանները և զոհեր մատուցեց նրանց: Ապա ցանկացավ Աստծո եկեղեցին էլ մտնել և անարգել սուրբ պաշտամունքը»: Երբ հավատացյալները իմացան, որ կայսրն իրենց եկեղեցին է գալիս, շփոթվեցին և ցանկացան փախչել: Իսկ Բաբելասը, նրանց հանդարտեցնելով, ոչ ոքի չարտոնեց դուրս գալ եկեղեցուց: Իսկ ինքը գնաց դեպի եկեղեցու մուտքը և արգելելով կայսրին մուտք գործել՝ ասաց. «Արժանի չես, քո պիղծ ձեռքերով, որոնք շաղախված են կուռքերի զոհերի արյունով, մտել եկեղեցի»: Սրանից զայրացած՝ կայսրը հրամայեց նրա ոտքերն ու պարանոցը շղթայելով՝ քաղաքով մեկ քարշ տալ և ապա բանտ նետել:

    Բանտում նրան են այցելում իր մատաղահասակ երեք աշակերտները, որոնց սուրբ Հայրապետը աստվածապաշտություն էր դաստիրակում և չցանկացան հեռանալ իրենց վարդապետից: Նումերիանոսը, այս լսելով, հրամայեց իր մոտ բերել մանուկներին և նրանց մորը: Ցանկացավ նրանց կեղծ խոսքերով և հակառակը համոզելով՝ հետ կռապաշտության բերել: Այդպես անել թելադրեց նաև մորը, խոստանալով այլևս իր անձնական հոգածության տակ վերցնել նրանց: Թե՛ մայրը և թե՛ մանուկները, ընդհակառակը, վճռականաբար հայտարարեցին իրենց կապվածությունը թե՛ կրոնին, և թե՛ հայրապետին: Այդ ժամանակ կայսրը հրամայեց յուրաքանչյուրին իր տարիքի թվի համեմատ մտրակել, բայց սա էլ անօգուտ եղավ նրանց համոզելու հարցում:

    Ի վերջո Բաբելասին էլ իր մոտ կանչեց և սպառնալով, որ նրան պիտի ենթարկի ավելի ահավոր չարչարանքների և եթե հարկ լինի՝ մահվան, փորձեց ստիպել զոհ մատուցել կուռքերին: Բաբելասը համարձակորեն խոստովանեց առ Քրիստոս ունեցած իր հավատքը և գետնին հավասարեցրեց կռապաշտության սնոտի կրոնը: Չորսին էլ երկար տանջեցին և ի վերջո գլխատեցին՝ թե՛ Բաբելասին և թե՛ իր երեք աշակերտներին:

    Մենք տոնում ենք Հոգեգալստյան երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 8.7-10

     Նավում 1.7-9

     Ա Կորնթացիներ 12.4-11

     Ավ. ըստ Մարկոսի 6.45-52

    shape
    book-shape