shape

Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օր

  • 21 հուլիսի, 2023 թ.
  •  

    Թադեոս առաքյալ

    Հայոց առաջին Լուսավորիչը և ամենահայտնի Առաքյալը:

    Ղուկասի Ավետարանում (6:16) և Գործք Առաքելոցում (1:13) հայտնի է որպես Հուդա Հակոբյան: Հովհաննեսի մոտ էլ հիշվում է որպես. «Հուդա, ոչ Իսկարիովտացի» (14:22), որը վերջին Կտակի խոսակցության ընթացքում ընդհատողներից էր հետևյալ հարցով. «Տե՛ր, ի՞նչ է նշանակում, խոսքդ, որ Քեզ պիտի մեզ հայտնես, ոչ թե աշխարհին»: Հիսուսը անուղղակի պատասխանում է, որ Ինքը պիտի հայտնվի Իրեն սիրողների մեջ և ընդհակառակը՝ երբեք չպիտի երևա սեր չունեցողների մեջ: Իսկ Մատթեոս առաքյալը նրան կոչում է «Ղեբեոս, որը Թադեոս անվանվեց» (Մատթ 10:3), իսկ Մարկոսը նրան պարզապես Թադեոս է կոչում (Մարկ. 3:18): Կաթոլիկ եկեղեցին նրան նույնացնում է Հուդա Տեառնեղբոր հետ, որի անունով մի կարճ թուղթ էլ կա ընդհանրական թղթերի մեջ, որը վերջինն է հանդիսանում: Բայց արևելյան եկեղեցիները այս նույնացումը չեն ընդունում:

    Ըստ մեր ազգային ավանդության, Թադեոս առաքյալը նախ Եդեսիա է գալիս, որտեղ, ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում և քրիստոնյա է դարձնում Աբգար թագավորին: Եդեսիան, արդարև, քրիստոնեական հնագույն կենտրոններից մեկն է համարվում:

    Թադեոսն իր քարոզչությունը առաջ է տանում դեպի հյուսիս, մտնում է հայոց Սանատրուկ թագավորի սահմանները, քարոզում և դարձի է բերում շատ հայերի, որոնք երախայրիքը և հիմքն են կազմում Հայ Առաքելական Եկեղեցու: Նաև արքունիք է մտնում և դարձի է բերում թագավորի դստերը՝ Սանդուխտին, որը հետագայում նահատակվում է իր հոր ձեռքով: Ի վերջո, Թադեոս Առաքյալն էլ, շատ հրաշքներ գործելուց և հազարավոր հոգիներ դարձի բերելուց հետո, Արտազ գավառում սրով նահատակվեց, ներկայիս Պարսկական Ատրպատական գավառի արևմտյան կողմում, որտեղ մինչև այսօր պահպանվել է նրա գերեզմանը, որի վրա կառուցվել է մի փառավոր եկեղեցի: 

     

    «Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

    Սուրբ Սանդուխտ

    Հայ եկեղեցու պարծանքը և նախամարտիրոսուհին է; Ինչպես որ Ս. Ստեփանոսը քրիստոնեական եկեղեցու համար, այդպես էլ Ս. Սանդուխտը Հայ Եկեղեցու համար:

    Ավանդությամբ մեզ հասած հայոց Սանատրուկ թագավորի դուստրն է, որը թագավորել է 38-68թթ.: Սանդուխտը քրիստոնյա էր դարձել Թադեոս Առաքյալի քարոզչության արդյունքում: Երբ հայրը իմացավ եղելության մասին, փորձեց  տարհամոզել նրան, բայց երբ Սանղուխտն անդրդվելի մնաց, հրամայեց մյուս նորահավատների շարքում բանտարկել նաև նրան: Թադեոս Առաքյալը գաղտնի բանտ այցելեց, մխիթարեց և սրտապնդեց նրանց և իր աղոթքներով նրանց շղթաները քանդվեցին: Այս տեսնելով բանտապահները և մյուս բանտարկյալները, թվով 33 հոգի, դարձի եկան, նշում է Վկայաբանությունը:

    Ի վերջո թագավորը մարդ է ուղարկում բանտ և վերջին փորձն անելու համար, որ նա վերստին իր հայրենի և հեթանոսական կրոնին վերադառնա, իր մոտ է կանչում նրան: Երբ բանտ գնացող մունետիկը տեսավ, որ բանտարկյալների շղթաները քանդված են և իրենք էլ զվարթադեմ Թադեոս Առաքյալի քարոզչությունն են լսում, սքանչանալով դարձի եկավ: Այս դեպքից հետո թագավորը հրամայում է սպանել բոլոր նորադարձներին, բացի Թադեոս Առաքյալից և իր աղջկանից:

    Երբ Ս. Սանդուխտը ներկայացավ իր հորը, արքան հանդիմանական և հայրական շեշտադրումով ասաց. «Ուրացար ինձ՝ հորդ, և կապվեցիր այդ մոլորեցնողի հետ», ակնարկելով Թադեոսին: «Սակայն քո «մոլորեցնող» կոչած մարդը իմ հոգին լուսավորեց», պատասխանեց Սանդուխտը: «Ամեն դեպքում քեզ ասվելիք վերջնական խոսքս հետևյալն է, անպայման հայրենի կրոնին պիտի վերադառնաս, այլապես չարաչար կերպով պիտի սպանվես», - ասաց Սանատրուկը; Եվ խոսքից գործի անցնելով՝ հրամայեց կապկպել նրան և չարչարանքների ենթարկել, որոնց ժամանակ Սանդուխտն անդադար կրկնում էր. «Քրիստոս, իմ Փրկիչ, օգնիր ինձ»:

    Այն ժամանակ, շարունակում է Վկայաբանությունը, երկնքից զորավոր լույս ծագեց, երկիրը շարժվեց և Սանդուխտի կապանքները քանդվեցին, բոլորը զարհուրեցին և ապշեցին: Այս առիթով շատերը քրիստոնյա դարձան, այդ թվում նաև Զարմանդուխտ իշխանուհին՝ թագավորի մերձավորներից մեկը: Սա էլ թագավորի հրամանով նահատակվեց: Նրա վրա էլ լույս իջավ և շատերը հավատքի եկան:

    Ի վերջո Սանդուխտը նորից բանտ առաջնորդվեց: Նույն գիշերը մի տեսիլք ունեցավ, ըստ որի մի Փառավոր Անձնավորություն նրան լուսե պատմուճան էր տալիս ու նրա գլխին սքանչելի թագ էր դնում: Սանդուխտը հասկացավ, որ շուտով նահատակվելու է: Արդարև, հաջորդ օրը բանտ գալով՝ դահիճը նրան տարավ նահատակության վայրը: Երբ հասան նշանակված վայրը, սրբուհին նախ աղոթեց «Հայոց աշխարհիս համար» և գլուխը խոնարհեցրեց դահճի սրի տակ: Վերջինս գլխատելու փոխարեն սուրը մտցրեց նրա սիրտը, և Հայոց հողը ոռոգվեց նրա անարատ սրտից հոսող թանկագին արյունով:

    Ս. Սանդուխտի գերեզմանը երկար տարիներ անհայտ էր մնում: Բայց ի վերջո, հատուկ տեսիլքով, հայտնվում է Կիրակոս անունով մի մենակյացի: Նրա գերեզմանի տեղը, ըստ Օրմանյանի վկայության, մինչև վերջին 60-65 տարիները, համարվում էր Նարեկի վանքը, որը նախապես եղել է Ս. Սանդուխտի վանքը (Ազգ): Օրմանյանը նաև ավելացնում է, որ Սանդուխտի հիշատակը հին տոնացույցներում առանձին է կատարվել, հետո միայն միացել է Թադեոս Առաքյալի հետ:

    Հայսմավուրքների մեջ անհամաձայնություններ կան նրա մահվան և տոնի օրերի վերաբերյալ: Մարզվանցիի Հայսմավուրքը նրան հիշատակում է դեկտեմբերի 23-ին, Փեշտիմալճյանը՝ դեկտեմբերի 15-ին: Ներկայումս մենք տոնում ենք Ս. Թադեոս Առաքյալի հետ, Վարդավառի տոնին հաջորդող շաբաթ օրը:

     

    «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 1.1-7

     Երեմիա 16.16-21

     Ա Կորնթացիներ 12.28-13.10

     Ավ. ըստ Ղուկասի 9.1-6

    shape
    book-shape