shape

Սուրբ Թեոդիտոն Գաղատացու, Թալիլեա բժշկի և Անկուրիայում նահատակված յոթ կույսերի հիշատակության օր

  • 22 հունիսի, 2023 թ.
  •  

    Սուրբ Թեոդիտոն Գաղատացի

    Հույների և Լատինների մոտ հայտնի է Թեոդոտոս անվամբ, այստեղ ներկայացնում ենք նրա մասին Թորգոմ Պատրիարքի գրածը:

    «Թեոդիտոնը 303 թ.-ին,  երբ Դիոկղետիանոսը քրիստոնյաների դեմ հալածանք հայտարարեց, Գաղատիա նահանգի Անկյուրա քաղաքի մի գինեվաճառ էր: Օգտվելով իր արհեստի հանգամանքներից, որոնք իրեն նվազ կասակածելի էին դարձնում հալածողների աչքին, նա ամեն կերպ օգնում էր բանտարկված քրիստոնյաներին՝ թաղում էր նրանց մարմինները, Ս. Խորհրդի համար հաց և գինի էր հայթայթում, իր տունը պատսպարան և եկեղեցի էր դարձնում հալածվողների համար: Երբ Թեոդեկնոս կայսրը, ջրասույզ անելով, նահատակեց Անգարացի յոթ կույսերին, որոնցից առաջինը նրա մորաքույրն էր, և նրանց պարանոցից քարեր կապելով ջրասույզ արեց նրանց մարմինները, որպեսզի իրենց դավանակիցների կողմից երկյուղածության առարկա չլինեին, ինքը, մի քանի այլ քրիստոնյաների օգնությամբ, ամեն ջանք գործ դնելով, լճից հանեց մարմինները և թաղեց Նահապետաց եկեղեցու մոտ: Երբ իրողությունը հայտնի դարձավ՝ քաղաքի բոլոր քրիստոնյանները ծանր նեղությունների մեջ հայտնվեցին: Այդ ժամանակ Թեոդիտոնը ինքն իրեն հանձնեց ատյանին և ծանր տանջանքներից հետո հրաշքով ողջ մնալուց հետո գլխատմամբ նահատակվեց:

    Նրա հիշատակությունը տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող երրորդ հինգշաբթի օրը:

     

    Թալիլեա բժիշկ

    Կիլիկիայից էր Թալելեոսը և հմուտ՝ բժշկության մեջ: Իբրև քրիստոնյա ձերբակալվեց Անարզաբա քաղաքում և ատյան տարվեց, երբ մերժեց ուրանալ քրիստոնեական հավատը, կրունկների վերնամասը ծակելով՝ ոչխարի նման կախեցին նրան: Դահիճներից երկուսը, տեսնելով նրա անհողդողդ հավատքը, քրիստոնեություն են ընդունում և անմիջապես նահատակվում, նրանք հիշատակվում են Թալելեոսի հետ նույն օրը, լատինները հիշատակում են նրանց որպես Ալեքսանդր և Աստերիոս: Տանջանքներից հետո Թալելեոսին ծովն են նետում, այստեղ էլ նա հրաշքով փրկվում է և դարձյալ ատյան տարվում: Ի վերջո, նրան Եդեսիա տարան, որտեղ Նումերիանոս Կայսեր օրոք, 284 թ.-ին գլխատվելով նահատակվեց:

     

     Յոթ կույսերը, որ նահատակվեցին Անկուրիայում

    Այս կույսերը Անգարացի էին: Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվեցին և զանազան փորձությունների ու տանջանքների ենթարկվեցին, որոնցից Աստված հրաշքով փրկեց նրանց: Այդ ժամանակ դատավորը հրամայեց նրանց պարանոցներից քարեր կապել և ջրասույզ անել: Եվ Թեոդիտոն Գաղատացի անունով մեկի ու մի խումբ քրիստոնյաների կողմից, նրանց մարմինները պատվով թաղելու համար ջրից հանվեցին և այդ իսկ պատճառով, 303 թ.-ին, նա էլ նահատակվեց և այս կույսերի հետ է տոնվում:

    Տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող երրորդ հիգշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 6.11-21

     Բ Կորնթացիներ 6.1-10

     Ավ. ըստ Հովհաննեսի 16.1-4

    shape
    book-shape