shape

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ

  • 25 փետրվարի, 2018 թ.
  •  

    ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ

    «Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. Հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը: Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ: Գնաց-դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածացնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկավ և ասաց. Քանի՜ վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ-գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. Հայր մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը: Եվ վեր կացավ-եկավ իր հոր մոտ: Եվ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան: Եվ որդին ասաց նրան. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու: Հայրն իր ծառաներին ասաց. Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին դրեք նրա մատին և նրա ոտքերին` կոշիկներ. բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց, և սկսեցին ուրախանալ: Իսկ նրա ավագ որդին ագարակում էր, և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը և իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց. Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ-առողջ ընդունեց նրան: Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով` աղաչում էր նրան: Որդին պատասխանեց և ասաց հորը. Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր: Հայրը նրան ասաց. Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. ԺԵ 11-32):

    shape
    book-shape