shape

Ս. ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ

  • 24 փետրվարի, 2018 թ.
  •  

    Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետը ծնվել է 315 թ. հավանաբար Երուսաղեմում: 354 թ. ձեռնադրվել է քահանա, իսկ 348թ.` ընտրվել Երուսաղեմի եպիսկոպոս:

    Եպիսկոպոսական առաջին իսկ տարիներից Կյուրեղը ճշտում է իր դիրքն արիոսական վեճերի նկատմամբ և դառնում ուղղափառության ջերմ ջատագովներից մեկը: Դա պատճառ է դառնում, որպեսզի ամբաստանվի արիոսական եպիսկոպոսներից և 357 թ. աքսորվի Տարսոն: Կարճ ժամանակով ազատվում է աքսորից և վերադառնում իր Աթոռին: Սակայն շուտով նորից է աքսորվում: Երրորդ աքսորը տեղի է ունենում 367 թ., այս անգամ արդեն Վաղես կայսեր հրամանով: 11 տարի աքսորավայրում մնալուց հետո` 378 թ., վերադառնում է իր Աթոռին և մինչև կյանքի վախճանը նվիրվածությամբ ու ձեռներեցությամբ հովվում իր հոտը: Կյուրեղ Երուսաղեմացին մասնակցել է Կոստանդնուպոլսի 381 թ. Երկրորդ Տիեզերական ժողովին՝ իբրև այդ ժողովի կարևոր դեմքերից մեկը: Մահացել է 386 թ.:

    Կյուրեղ Երուսաղեմացին Արևելքում համարվում է տիեզերական ուսուցիչ, իսկ Արևմուտքում 1893 թ. Լևոն 12-րդ Պապի կողմից հռչակվել է «Վարդապետ Եկեղեցու» տիտղոսով:

     

    Ս. ԿՅՈՒՐԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՎ ՆՐԱ ՄԱՅՐԸ` Ս. ԱՆՆԱ

     

    Մյուս Կյուրեղը, որ կոչվում էր նաև Կիրակոս, ազգությամբ հրեա էր` Հուդա անունով, որ ապրում էր իր մոր հետ Երուսաղեմում: Երբ Հեղինե կայսրուհին գալիս է Երուսաղեմ` Քրիստոսի խաչափայտը փնտրելու, տեղի հրեաները մատնացույց են անում Հուդային` որպես Գողգոթայի տեղանքին քաջածանոթ անձի: Ըստ ավանդության՝ Հուդան իր մոր հետ քրիստոնյա է դառնում խաչափայտի գտնվելուց անմիջապես հետո և վերանվանվում Կյուրեղ: Հետագայում եպիսկոպոս է ձեռնա դրվում Պաղեստինի վիճակներից մեկի վրա և Կյուրեղ Երուսաղեմացու աքսորվելուց որոշ ժամանակ անց դառնում է Երուսաղեմի Եկեղեցու գահակալ: Երբ Հուլիանոս Ուրացող կայսրը գալիս է Երուսաղեմ, անլուր չարչարանքների և տանջանքների է ենթարկում ու նահատակում Կյուրեղին և նրա մորը:

    shape
    book-shape