shape

Առաջավորաց պահքի Ե օր Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օր

  • 29 հունվարի, 2021 թ.
  •  

    Հին կտակարանում անունով և հայրանունով է հիշատակվում Հովնան մարգարեն՝ «Նա (Իսրայելի Հերոբովամ Բ թագավորը) Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբածովը ապահով դարձրեց, ինչպես իր ծառա Գեթաքոբերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով ասել էր Տեր Աստվածը» (Դ Թագ. 14:25): Հարց է ծագում, թե արդյո՞ք այս գիրքի հեղինակը մարգարեն ինքն է, թե մի ուրիշ անձ է, որը մարգարեի պատմությունը մեզ է ներկայացնում: Ոչ մի նշան չկա, որ գրքի հեղինակը Հովնան մարգարեն է եղել. այլապես ինքը լինելով ժամանակակից Ամովս մարգարեին, 8-րդ դարի առաջին կեսերը  Ք.Ա., նրա հետ առաջին գրող մարգարեներից մեկը պիտի լիներ: Առհասարակ այնպես է համարվում, որ այս գիրքը գրվել է Իսրայելի գերությունից հետո՝ Ք.Ա. 5-րդ դարում:

    Այս գիրքը մարգարեական մյուս գրքերից տարբերվում է նրանով, որ պատգամներ պարունակելու փոխարեն, պատմում է մի մարգարեի արկածները, որին հանձնարարվում է ամենատհաճ պարտականությունը՝ ապաշխարություն քարոզելու Իսրայելի համար ամենաատելի ժողովրդի մայրաքաղաքի բնակիչներին՝ Նինվեացիներին:

    Հետևաբար զարմանալի չէ, որ Հովնանը նախ փորձում է խուսափել այս պարտականությունից, բայց ի վերջո համակերպվում է Աստվածային հրամանի հետ, այն հույսով, որ ամենայն հավանականությամբ Նինվեն չպիտի ապաշխարի և հետևաբար պիտի կործանվի: Բայց առաջին զարմացողը ինքն է լինում, երբ նինվեացիները անսում են նրա քարոզչությանը, որը բաղկացած է հինգ բառերից՝ «Երեք օրից Նինվեն պիտի կործանվի»: Նրանք զղջում, ապաշխարում և դարձի են գալիս և Աստված խնայում է նրանց:

    Գրքի նպատակը շեշտելն է, որ Աստված Տեր և հոգածու է հեթանոսներին այնքանով, որքանով որ Իսրայելին: Պատժում է մեղքը որտեղ էլ լինի՝ Իսրայելի կամ հեթանոսների մեջ: Խնայում է ապաշխարողին, ուր որ էլ պատահի, Իսրայելի մեջ կամ հեթանոսների մոտ:

    Այս առումով առակի ձևով գրված և առակի նպատակ ունեցող այս գիրքը ամենամոտն է Նոր Կտակարանյան ուսուցմանը, որը հաստատում է, որ Աստված «Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, անձրև է տեղում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45)

    Մենք Հովնանին «Երկոտասան մարգարեներ»-ի հետ հիշատակելուց բացի, հիշատակում ենք նրան և նրա ապաշխարության քարոզչությունը Առաջավորաց Պահքի ուրբաթ օրը:

     

    «Աստվածաշնչյան Սրբեր» Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյան

     

     Հովնան 1.1-4.11

    shape
    book-shape