shape

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

  • 11 փետրվարի, 2018 թ.
  • «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, առատ ուտելիքներով վայելքի օր:

    Գլխավոր շաբաթապահքերին նախորդող կիրակի օրը կոչվում է բարեկենդան, և այդ առթիվ թույլատրվում է մի փոքր ավելի ուտել: Սակայն բարեկենդանների մեջ հատկանշական է Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որ կոչվում է Բուն Բարեկենդան: Այս օրը մարդիկ վայելում են առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով ու զանազան խրախճանքներ կազմակերպելով:

    Արևմուտքում Բարեկենդանը` իրենց լեզվով «Կարնավալ»-ը, նշվում է բացառիկ շուքով և հանդիսությամբ: Տեղի են ունենում զանազան տողանցքներ ու ցուցադրություններ, ինչպես նաև ժողովրդական խրախճանք:

    ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆ

    Մեր եկեղեցու ծիսակարգում մեծ պահքի շրջանը «ոսկե շղթա» է կազմում, ուր ամեն օղակ` կիրակի, ունի իր խորհուրդը, իսկ բոլորը միասին կարծես ներկայացնում են Եդեմական պարտեզից մինչև Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն` մարդկության փրկագործության ուղին:

    Առաջին կիրակին Բուն Բարեկենդանն է, որը խորհրդանշում է Եդեմական պարտեզում Ադամի և Եվայի` Աստծո ներկայությամբ ապրած երանության օրերը:

    Արտաքսման Կիրակին խորհրդանշում է անհնազանդության պատճառով Եդեմական պարտեզից արտաքսվելը: Արտաքսված այդ վիճակը, անշուշտ, միայն Ադամին և Եվային չի վերաբերում, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հեռացած են Աստծուց, եկեղեցուց դուրս են, Սուրբգրային կենարար պատգամներին` անհաղորդ: Հենց այստեղ է ի հայտ գալիս Աստծո փրկարար սերը հեռու-հեռվում գտնվող իր զավակների հանդեպ: Անառակի Կիրակին այդ հետդարձի ճանապարհն է նկարագրում:

    Տնտեսի Կիրակին պատգամում է մեզ տրված տնտեսության մեջ հավատարմություն ցուցաբերել, քանի որ այս աշխարհում ամեն մի մարդ տնտես է իր ունեցվածքի վրա, այդ թվում նաև իր կյանքի, իրեն տրված շնորհների և անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինի այդ տնտեսությունը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ է տալու աստծուն:

    Դատավորի Կիրակին անձանձրույթ աղոթելու, ձեռնարկած բոլոր գործերը մինչև վերջ հասցնելու պատգամն է խորհրդանշում, որպեսզի դատաստանի` Երկրորդ Գալստյան օրը (Գալստյան Կիրակի) մաքուր սրտով ու անկեղծ հավատով դիմավորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

    Հինանց` մինչև Հոգեգալուստ հետզատկական շրջանն էլ իրեն բնորոշ գունգեղ կիրակիներ ունի. Նոր (սպիտակ), կանաչ, կարմիր, պայծառ, կապույտ և այլն:

    Քրիստոսի Հարությամբ ամեն բան նոր եղավ, սկսվեց նոր շրջան` առաջին կիրակի օրվանից, որի համար էլ կիրակին կոչվեց Նոր կամ Սպիտակ:

    Կանաչ կամ Աշխարհամատրան կիրակին քրիստոսահիմն եկեղեցու հաստատման օրն է, հիշատակը Վերնատան եկեղեցու:

    Կարմիր կիրակին քրիստոնեական եկեղեցու պայքարի խորհուրդն է ընդգրկում, եկեղեցին հաստատվում է այդ պայքարում նահատակված սրբերի և մարտիրոսների թափած արյամբ:

    Պայծառ կիրակին Ս. Խաչի երևման տոնի օրն է, որ իր մեջ հաղթանակի խորհուրդն է ընդգրկում. Սրբերի և մարտիրոսների թափած արյունը իր պտուղն է տալիս` եկեղեցին հաղթանակած է դուրս գալիս Ս. Խաչի նշանով և զորությամբ:

    «Կապույտ կիրակին» վեցերորդ կիրակին է, որ խորհրդանշում է հույսը, հարությունը: Հարության հույսով ապրելու ու մեր հավատն ու հույսը տիրոջ վրա դնելու պատգամն է խորհրդանշում այս կիրակին (Ա Պետր. 1, 21):

    Քրիստոսի Համբարձումը Հարության երևումների փակումն է, տնօրինությունների կնքումը: Իր համբարձումով Քրիստոս ոչ թե հեռացավ մեզանից, այլ հակառակն` մեր սրտերի մեջ բնակվեց, ավելի մոտ եղավ մեզ:

    Երկրորդ Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է Հիսուսի հաղթական մուտքը Վերին Երուսաղեմ` իր ամբողջ իշխանությունը հանձնելով իր իսկ հիմնադրած եկեղեցուն, որն ունի «երկնքի արքայության բանալիները»: Հոգեգալստյան կիրակի օրը խորհրդանշում է այդ եկեղեցու ծնունդը, որն պիտի իրագործեր մարդկանց` Քրիստոսին բերելու կենարար առաքելությունը:

    shape
    book-shape