Արիոսական վիճաբանությունների վերջին փուլում՝ 370-380-ական թթ., Եկեղեցու առջև դրվում է ևս մի հարց. Ս. Հոգին Աստվա՞ծ է, թե՞ արարած:
Ս. Աթանասը 359 թ. Սրապիոնին ուղղած նամակում ջատագովում է Ս. Հոգու համագոյությունը Հայր Աստծու հետ: Աթանասի այս վարդապետությունը որդեգրում են բազմաթիվ եպիսկոպոսներ: Ստեղծվում է նաև հակադիր հոսանքը, որ Կ. Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսի գլխավորությամբ մերժում էր Ս. Հոգու աստվածությունը:
Թեոդոսիոս Մեծ կայսեր (379-395) հրամանով 381 թ. գումարվում է Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովը, որը նախ հաստատում է Նիկիայում ընդունված դավանությունը Որդու աստվածության մասին, ապա սահմանում Ս. Հոգու աստվածությունը և Ս. Երրորդության համար որդեգրում «Մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Նիկիայի ժողովի Հավատո հանգանակին ավելացվում է նաև Ս. Հոգու վերաբերյալ հատվածը:
Հայ Եկեղեցին ընդունում է Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի դավանաբանական բանաձևն ու կանոնները: Սույն ժողովին մասնակցող 150 հայրապետների հիշատակն է, որ նշում է այսօր Հայ Եկեղեցին: