«Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Հիսուսին աշակերտել էր: Սա Պիղատոսի մոտ գնալով` խնդրեց Հիսուսի մարմինը: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի: Եվ Հովսեփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ: Եվ մի մեծ քար, որպես կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթ. ԻԷ 57-61):
Հայոց Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Ավագ Ուրբաթ օրը, ի հիշատակ վիմափոր նոր գերեզմանում Խաչյալ Փրկչի թաղման, ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոստերով Տերունի խորհրդանշական գերեզմանի պատրաստումը, որն Ավագ Ուրբաթ օրվա առավոտից մինչև Ավագ Շաբաթ օրվա կեսօրը դրվում է եկեղեցու ատյանում՝ Ս. Խորանի առջև (Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Քրիստոս Աստծու խորհրդանշական գերեզմանը դրվում է Իջման Ս. Սեղանի առջև): Ծաղկյալ գերեզմանի մեջ զետեղվում է սպիտակ կտավով փաթաթված մի խաչ՝ որպես պատանքված ու գերեզմանված Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ (Մատթ. ԻԷ 59, Մարկ. ԺԵ 46, Ղուկ. ԻԳ 53, Հովհ. ԺԹ 40), իսկ տաճարանման գերեզմանին դրվում են երկու վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են ավետարար սպիտակազգեստ հրեշտակներին:
Ավագ Ուրբաթ՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակին, ի հիշատակ մեր Տիրոջ թաղման՝ խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում և «Պարգևատուն ամենեցուն» օրհնության շարականի երգեցողությամբ պտտեցվում տաճարի շուրջը: Դրանից հետո խորհրդանշական գերեզմանը կրկին բերվում է եկեղեցի և դրվում ատյանում, ապա եկեղեցական դասն սկսում է երգել «Խաչի Քո Քրիստոս» երգը, համբուրում խորհրդանշական գերեզմանի վրա դրված Ս. Խաչն ու Ս. Ավետարանը:
Ավագ Շաբաթ օրվա կեսօրից հետո եկեղեցականները քակում են ծաղկահյուս խորհրդանշական գերեզմանը և հավատացյալներին բաժանում ծաղիկներն ու ոստերը, որոնք հավատացյալները տուն են տանում և Ծաղկազարդի տոնին օրհնված ուռենու ճյուղերի հետ պահում մինչև հաջորդ տարվա Ավագ Ուրբաթ օրը: