shape

ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ

  • 29 մարտի, 2018 թ.
  •  

    «Եվ Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞ւր ես կամենում` պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Գնացեք քաղաք այսինչ անձի մոտ և նրան ասացեք. «Վարդապետն ասում է` իմ ժամանակը մոտեցել է, քեզ մոտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»: Եվ աշակերտները արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը: Եվ երբ երեկո եղավ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել: Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»: Եվ նրանք խիստ տխրեցին. նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել նրան. «Միթե ե՞ս եմ, Տեր»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու: Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես նրա մասին գրված է, բայց վա~յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթե ե՞ս եմ, Վարդապետ»: Նրան ասաց` Դու ասացիր (Մատթ. ԻԶ 17-25): «Եվ մինչդեռ նա այսպես խոսում էր, ահա Հուդան` Տասներկուսից մեկը, եկավ ու նրա հետ` քահանայապետերի և ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ` սրերով ու մահակներով: Եվ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տվել ու ասել. «Ում հետ ես համբուրվեմ, նա է, նրան կբռնեք»: Եվ սա իսկույն մոտենալով Հիսուսին` ասաց. «Ողջո՜ւյն Վարդապետ», ու նրա հետ համբուրվեց: Իսկ Հիսուս նրան ասաց. «Ընկեր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ մոտենալով ձեռք բարձրացրին Հիսուսի վրա, ու նրան բռնեցին: Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց և իր սուրը հանեց ու հարվածեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց-պոկեց: Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր տեղը, որովհետև ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն: Եվ կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպե՞ս պիտի կատարվեին Ս. Գրքերում գրվածները, թե` այսպես պետք է լինի» (Մատթ. ԻԶ 47-54):

    shape
    book-shape