shape

Հռոմի Հայրապետ Սուրբ Ստեփանոսի, քահանաների, սարկավագների և ողջ ժողովրդի հիշատակության օր

  • 02 նոյեմբերի, 2020 թ.
  •  

    Հռոմի Հայրապետ Սուրբ Ստեփանոս

    Ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսը դարձավ 254-ին և նահատակվեց 257-ին: Պատմականորեն իր մասին մեր ունեցած տեղեկությունը Կիպրիանոս Եպիսկոպոսի հետ ունեցած վեճն է, որն անվավեր էր համարում հերետիկոսների կատարած մկրտությունը, իսկ Ստեփանոսը՝ վավերական: Իսկ մեր Հայսմավուրքը նրան ներկայացնում է որպես մի քաջ և գործունյա հայրապետ, որը հալածանքների ժամանակ սրտապնդում և քաջալերում էր իր հոտին, որպեսզի ամուր մնային իրենց հավատքում: Հեթանոսներից շատերին քրիստոնյա դարձրեց, այդ թվում նաև Նեմեսիս անունով մի իշխանի և նրա դստերը, որ կույր էր:

    Երբ նրանց մկրտեց՝ աղջկա աչքերը բացվեցին, որից էլ իշխանը համաձայնվեց սարկավագ ձեռնադրվել: Երբ կայսրը լսեց նրա քրիստոնյա դառնալու մասին, նրան հրավիրեց կուռքերին զոհ մատուցելու, երբ մերժեց, հրամայեց տանջանքների ենթարկել և երբ ամուր մնաց իր հավատի մեջ՝ նահատակեց իշխանին և իր դստերը: Սրանց հետ նահատակվեց նաև մի այլ իշխանավոր՝ Ոլոմպիոս անունով: Ապա նահատակվեցին այս երկու իշխանների մատակարարները, որոնք նույնպես քրիստոնյա էին դարձել և իրենց տերերի ունեցվածքը վաճառելով՝ աղքատներին էին բաշխել: Եվ ավելացնում է Հայսմավուրքը. «Ապա ձերբակալեցին 12 հոգի եկեղեցականներ, որոնց չարաչար սպանեցին»: Նրանց անուններն էլ է տալիս Հայսմավուրքը: Տոնացույցը նրանց միացրել է Ստեփանոս Հայրապետի հետ «Քահանաների, սարկավագների և ժողովրդի» հավելումով:

    Մի օր, երբ Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարեցին եկեղեցին և փորձում էին ջարդել եկեղեցու դուռը, որը փակված էր: Հազիվ Սուրբ Հաղորդություն էր տվել և ինքն էլ հաղորդվել էր, երբ դռները խորտակելով՝ ներս խուժեցին և նույն տեղում էլ սպանեցին սուրբ հայրապետին: Իր արյունը խառնվեց Քրիստոսի Արյան հետ (Սբ. Հաղորդության) որպես Քրիստոսի հավիտենական արքայության մասնակից լինելու առհավատչյա: Հավատացյալները պատվով թաղեցին նրա մարմինը, որը Ը դարի կեսերին փոխադրվեց իր անունով և պատվի համար կառուցված մի վանք:

    Հռոմեական եկեղեցում, Ստեփանոս հայարապետին է վերագրվում այն տնօրենությունը, որով արգելվում է Ս. Խորհուրդների ընթացքում գործածված զգեստները գործածել առօրյա կենցաղում, որը հաստատում է, որ մինչ Գ դարի կեսերը Ս. Պատարագը և այլ խորհուրդները կատարվում էին սովորական զգեստներով:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 5.1-8

     Ամոս 3.12-15

     Եփեսացիներ 3.1-10

     Ավ. ըստ Հովհաննեսի 10.11-16

    shape
    book-shape