shape

Պահք Սուրբ Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

  • 10 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Եվստրատիոս, Օգսենտիոս, Եվգենիոս, Օվրեստես և Մարդարիոս

    Թեև հունական անուններով են, բայց նրանք Սեբաստիայի շրջանից հայազգի վկաներ էին, որոնք Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ իրենց արյունը թափեցին Քրիստոսի համար:

    Եվստրատիոսը բարձր դասակարգի պատկանող զինվորական էր և ծածուկ քրիստոնյա: Երբ հալածանքների հրովարտակը հրապարակում կարդացվեց՝ հայտնապես հայտարարեց իր քրիստոնյա լինելը: Նախ իշխանական պատիվներից մերկացրին նրան, գանակոծեցին և բանտարկեցին: Եվստրատիոսի ընկերներից մեկը՝ Եվգենիոսը, նույնպես հրապարակեց իր քրիստոնյա լինելը և բանտակից դարձավ իր ընկերոջը: Եվստրատիոսի ծառաներից մեկը՝ Մարդայր կամ Մարդարիոս, նույնպես միացավ իր տիրոջը՝ հայտարարելով, որ ինքը քրիստոնյա է: Իսկ մեկ այլ զինվորի՝ Օվրեստես անունով, պարանոցին նշմարելով խաչը՝ նրան նույնպես խառնեցին նրանց խմբին: Երբ նահատակության պահը հասավ՝ նախ գլխատեցին Եվստրատիոսի երեցին՝ Օգսենտիոսին: Իսկ Մարդարիոսի ոտքի պճեղները ծակելով՝ գլխիվայր կախեցին և ականջների միջով շամփուր անցկացնելով նահատակեցին: Եվգենիոսի ձեռքերը և լեզուն կտրեցին և այդպես ավանդեց հոգին: Օվրեստեսը երկաթի շիկացրած մահճակալի վրա այրվելով՝ ավանդեց հոգին: Իսկ Եվստրատիոսին կրակի վրա այրեցին 302 թ.-ին: Հայ Եկեղեցին այս նահատակյալների խմբին պատվել է հատուկ շարականով:

    Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ հինգշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 1.2-9

     Նավում 2:1-6

     Հռոմեացիներ 5:1-5

     Ավ. ըստ Մատթեոսի 5:1-12

    shape
    book-shape