shape

Պահք Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից

  • 09 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Ավետարանում Սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունից հիշատակվում են միայն այն դրվագները, որոնք ուղղակի առնչություն ունեն Հիսուսի կյանքի և փրկչական տնօրինությունների հետ: Նրա կենսագրության մնացյալ, այսինքն՝ մեծագույն մասը, ամբողջացվում է այն ավանդություններով, որոնք մեզ են հասել եկեղեցական գրականության հետ:

    Ըստ այդմ՝ Մարիամը Դավթի ցեղից էր: Նա աստվածատուր զավակ է, որովայնից ընտրյալ և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Աստվածածնի բարեպաշտ ծնողները՝ Աննան և Հովակիմը, թեև երկար տարիներ ամուսնացած էին, սակայն զավակ չունեին, քանի որ Աննան ամուլ էր: Նրանք միշտ անդադար աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ Նա իրենց զավակ պարգևի: Չնայած առաջացած տարիքին, չէին հուսալքվում և անընդհատ աղոթում էին Աստծուն`Նրանից ողորմություն հայցելով:

    Եվ մի օր Տիրոջ հրեշտակը այցելում է նրանց և հայտնում, որ շուտով զավակ կունենան, ում անունը ողջ աշխարհում պիտի տարածվի, և նա օրհնյալ կլինի կանանց մեջ: Նրանց աղաչանքները լսելի են լինում Աստծուն, և Աստված պարգևում է մի աղջիկ, որին կոչում են Մարիամ:

    Սբ. Մարիամի ծնունդից առաջ, Աննան արդեն ուխտել էր մանկանը նվիրել Աստծո ծառայությանը: Երբ մանուկը երեք տարեկան դարձավ, ծնողները նրան տարան տաճար ընծայելու`ըստ իրենց ուխտի: Բայց քանի որ երեխան փոքր էր, քահանայապետը Հովակիմին և Աննային ասաց, որ Մարիամին բերեն տաճար, երբ նա դառնա յոթ տարեկան: Սբ. Մարիամը տաճարում ապրեց յոթ տարի`սնվելով ու հասակ առնելով առաքինությամբ և աղոթքներով: 

    Հայ եկեղեցին նշում է ոչ միայն Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը, այլ նաև հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից տոնը, որն անշարժ տոն է և նշվում է դեկտեմբերի 9-ին:

     

    Կազմեց Կարինե Սուգիկյանը

     

     Երգ երգոց 6.3-8

     Մաղաքիա 3.1-2

     Գաղատացիներ 3.24-29

     Ավ. ըստ Ղուկասի 1.39-56

    shape
    book-shape