Հռոմեացի մարտիրոս, որ գերազանցապես հայտնի է իր մասին հյուսված ավանդապատումերի շնորհիվ: Լինելով հեթանոս հոր և քրիստոնյա մոր զավակ` մոր վաղ մահվանից հետո հոր կողմից կրթության է տրվում և դառնում նշանավոր բժիշկ` ծառայելով Մաքսիմիանոս կայսրին: Վերադառնալով քրիստոնեության գիրկը` Հերոմոլուս անունով մի քրիստոնյայի միջոցով Պանդալեոնն իր ծառայությունն է բերում անվճար, ըստ որում նա ոչ թե բուժում էր դեղերով, այլ գերազանցապես աղոթքով և իր հարստությունը բաժանում էր աղքատներին: Երբ 303 թ. քրիստոնյաների հալածանքներն սկսվեցին, նա մահվան դատապարտվեց, սակայն վեց անգամ հրաշքով փրկվեց կրակից, գազաններից, բայց ի վերջո գլխատվեց Նիկոմիդիայում:
Արցախի Մռավա լեռնաշղթայից հյուսիս-արևելք գտնվում է Պանդ անունով լեռնագագաթը (Գանձակի լեռներում), որտեղ այսօր էլ պահպանվել են Պանդ անունով մի մատուռի ավերակները: Ըստ ավանդության` այդտեղ է թաղված ս. Պանդալեոն բժիշկը: Այս ուխտատեղին մեծ համարում ունի Արցախում և հայտնի է որպես բժշկություն պարգևող ուխտատեղի:
Երմողայոս քահանան հալածվել է Երմիպպոս և Եվ մոկրատոս քահանաների հետ Նիկոմիդիայում: Մի որոշ ժամանակ նրանք թաքնվել են հալածողներից: Ամենուր, որ տեղ հնարավորություն էր ընձեռվում, իրենց քարոզներով և աղոթքներով դարձի էին բերում հեթանոսների առ Քրիստոս:
Հետո ձերբակալվել են և գլխատվել:
Եվպրաքսյան կոստանդնուպոլսեցի մեծատոհմիկի դուստր էր: Հոր մեռնելուց հետո 7 տարեկանում հանձնվել է Թեբիադյան վանքի վանամոր խնամքին: Հայտնի էր իր հեզությամբ և շնորհաշատ հրաշագործությամբ, որ տրված էր նրան Աստծու կողմից` կյանքի անդադրուն կենսակերպի համար: Հոգին ավանդել է 30 տարեկանում: