Ավետարանի համաձայն` Հիսուս Քրիստոս 12 առաքյալներից բացի ունեցել է նաև 72 աշակերտներ, որոնց, ինչպես վկայում է Ղուկաս Ավետարանիչը, զույգ-զույգ ուղարկել է Հրեաստանի զանազան կողմերը` ավետարանելու և բժշկելու:
Երբ նրանք քարոզչությունից վերադառնում են, Քրիստոսին մոտենալով մեծ ուրախությամբ ասում են. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում Քո անունով» (Ղուկ. Ժ 17): Եվ Հիսուս նրանց պատասխանում է, որ պետք չէ դրա համար ուրախանալ, «այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. Ժ 20):
Պետք է նշենք, որ գրեթե ոչնչով չի տարբերվել 12 առաքյալների և 72 աշակերտների քարոզչական գործունեությունը. Աստվածորդու կողմից երկու խմբերին էլ տրվել էր նույն իշխանությունը, և երկուսի քարոզչության նպատակն Աստծու Արքայության ավետումն ու տարածումն էր: Ըստ Ս. Հայրերի` 12-ի և 72-ի միջև եղած միակ տարբերությունն այն էր, որ 12-ը եղել են ավելի մնայուն և միշտ Քրիստոսի հետ շրջել: