Ս. Դիոնիսիոսը չարչարվել է Ռուստիկ Երեցի և Ելևթերիոս սարկավագի հետ Գալիական Լյուտեցիայում (Փարիզի հին անվանումը) Դոմետիանոսի օրոք: Դիոնիսիոսը հավատի է եկել աթենյան Արիսպագոսում՝ Պողոս առաքյալի քարոզչությունից հետո գլխավոր դատարանում, որի անդամ էր և ձեռնադրվել է Պողոսի կողմից որպես Աթենքի եպիսկոպոս: Այցելել է Երուսաղեմում Ս. կույս Մարիամին և ներկա գտնվել նրա Վերափոխմանը 57 թ.: Քարոզել է քրիստոնեություն Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (Ֆրանսիա), որտեղ էլ ձերբակալվել է և գլխատվել 90 տարեկանում:
Ս. Տիմոթեոսը († ~96) Քրիստոսի 72 աշակերտներից էր: Պողոս առաքյալի մերձավոր աշակերտն էր` ծնունդով Փոքր Ասիայի Լյուստրիա քաղաքից: Հավատում է Քրիստոսին Պողոս առաքյալի կողմից ի ծնե կաղին բժշկելուց հետո և դառնում առաքյալի ուղեկիցը: Նրա կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս Եփեսոս քաղաքում և եկեղեցին հովվում 15 տարի: Տիմոթեոսը նահատակվել է Եփեսոս քաղաքում 96-98 թթ.:
Ս. Տիտոսը Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ծնունդով Կրետեից էր, հեթանոս ընտանիքից: Լսելով Հիսուս Քրիստոսի մասին` ուղևորվում է Երուսաղեմ և դառնում Տիրոջ աշակերտը: Ապա ուղեկցում է Պողոս առաքյալին և նրա կողմից ձեռնադրվում է Կրետեի եպիսկոպոս: Պողոսի նամակներից մեկն ուղղված է Տիտոսին: Մահկանացուն կնքում է 94 տարեկանում Գորտինա քաղաքում: