Հովհան հայրապետը Տաշիր գավառից էր` 0ձուն գյուղաքաղաքից, ազնվական ընտանիքից:
Պատանեկության տարիներն անց է կացրել մեծ ճգնավոր և անվանի վարդապետ Թեոդորոս Քռթենավորի մոտ` ապրելով ժուժկալ և խստակրոն կյանքով: Մերկ մարմնի վրա մշտապես ուներ ծակծկող քուրձ մինչև իր կյանքի վերջը: Քռթենավոր վարդապետից ուսանում է նաև ողջ Ս. Գիրքը` Հին և Նոր Կտակարանները: Երբ հասնում է կատարյալ տարիքի, հոգևոր հայրը նրան կոչում է քահանայության աստիճանի: Այն ժամանակ ի Քրիստոս է փոխադրվում Եղիա կաթողիկոսը: Աստծու թելադրանքով և ողջ երկրի հավանությամբ Հովհան 0ձնեցին բազմում է Հայոց հայրապետական գահին: 10 տարի քահանայապետություն անելուց հետո Ս. Հոգու թելադրանքով հայրապետական Աթոռին է բազմեցնում Տ. Դավթին, իսկ ինքը գնում է իր հայրենական գյուղ 0ձուն` առանձնանալու և հարատև աղոթքով ապրելու:
Իբրև եկեղեցու վիճակով մտահոգ հովվապետ` Հովհաննես Գ Օձնեցին իր հզոր գրիչը շարժեց նաև պավլիկյան աղանդի հետևորդների եկեղեցամերժ գաղափարախոսության, դրա անքակտելի մասը կազմող պատկերամարտության դեմ: Մի կողմից տարորոշելով հույն իրականության մեջ պատկերապաշտական ծայրահեղ ձևերը Հայ Եկեղեցու որդեգրած պատկերահարգությունից և այսու մյուս կողմից մերժելով պավլիկյանների` պատկերահարգությունը նյութապաշտություն որակող պնդումը՝ Օձնեցին աստվածաբանորեն հաստատագրում է Հայ Եկեղեցու դիրքորոշումը պատկերների և Ս. Խաչի նկատմամբ: