shape

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՈՒՄԸ

  • 07 ապրիլի, 2018 թ.
  •  

    ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՈՒՄԸ

    «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր` Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդու չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Ս. Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի: Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված, որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»: Եվ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից» (Ղուկ. Ա 26-38):

     

    Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԳԼԽԱՏՈՒՄԸ

    «Եվ Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և նա ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորություններ են գործվում նրա միջոցով»: Ուրիշներն ասում էին, թե` Եղիան է. իսկ մյուսները, թե մարգարե է կամ թե` մարգարեների նման մեկը: Երբ Հերովդեսը այս լսեց, ասաց. «Հովհաննեսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա է. մեռելներից հարություն է առել»:

    Արդարև, ինքը` Հերովդեսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Հովհաննեսին, կապել նրան ու բանտարկել իր եղբոր` Փիլիպպոսի կնոջ` Հերովդիտայի պատճառով, քանի որ Հերովդեսը նրան իրեն կին էր դարձրել, և քանի որ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քո եղբոր կնոջը քեզ կին առնելը օրինավոր չէ»: Եվ Հերովդիան ոխ էր պահել նրա դեմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, որովհետև Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու և նրան հովանավորում էր ու նրան անսալով` շատ բաներ էր անում և քաղցրությամբ լսում էր նրան: Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծերին և հազարապետերին: Եվ երբ Հերովդիտայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզիր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե` դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը: Աղջիկը, դուրս գնալով, իր մորն ասաց` ի՞նչ ուզեմ: Եվ սա ասաց` Հովհաննես Մկրտչի գլուխը: Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ` ասաց. «Ուզում եմ, որ հիմա սկուտեղի վրա ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագավորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել: Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը: Եվ սա գնաց, գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ-տվեց իր մորը: Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը և դրեցին գերեզմանի մեջ» (Մարկ. Զ 14-29):

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

    shape
    book-shape