shape

Սուրբ Ադրիանոսի և նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակության օր

  • 30 հունվարի, 2020 թ.
  •  

    Ադրիանոս վկա

    Մաքսիմինոս կայսեր օրոք, հռոմեական բանակում ծառայող բարձրաստիճան պաշտոնյա էր: Նախապես հեթանոս է եղել և հալածել է քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը, և նաև հավանաբար իր քրիստոնյա կնոջ՝ Անատոլիայի, աղոթքներով և ջանքերով, ի վերջո քրիստոնյա է դարձել: Իր նոր հավատքի համար նախ բանտարկվեց և ապա սաստիկ չարչարանքների ենթարկվեց: Ի վերջո սրունքները ջարդեցին և մահացավ այս պատվական վկան 310 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակի տոնակատարությունը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիից հետո եկող երեքշաբթի օրը:

     

    Անատոլիա (Ադրիանոս վկայի կինը)

    Հույների և լատինների մոտ ծանոթ է Նատալիա անունով: Կինն է ավելի նշանավոր մարտիրոսի՝ Ադրիանոսի, որը նրա ջանքերով քրիստոնյա է դարձել: Երբ վերջինս Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվեց, Անատոլիան նրան և մնացածին զորավիգ էր լինում, որպեսզի նրանք չտկարանան հավատքի մեջ, այլ քաջությամբ մարտիրոսության պսակը ստանան: Այն աստիճան անձնվեր էր ձերբակալված և բանտարկված քրիստոնյաներին ծառայելու մեջ, որ կոչվել է «մարտիրոսների քույր»: Որպես ծպտված այր ներկա է եղել իր ամուսնու նահատակությանը, քանի որ կանանց արգելված էր քրիստոնյաների չարչարանքներին և նահատակություններին ներկա լինել: Ամուսնու նահատակությունից հետո Բյուզանդիա գնաց և այնտեղ առաքինի կյանքով և խաղաղ մահվամբ կնքեց իր կյանքը

    Հայերս նրա հիշատակի տոնակատարությունը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիից հետո եկող երեքշաբթի օրը:

     

    Թեոդորոս Ստրատելատ

    Ծնվել է Պոնտոսի Հերակլիա քաղաքում: Լիկիանոս կայսեր օրոք եղել է հռոմեական բանակի զորավար: Այս Լիկիանոսը, թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների հավատքի ազատ դավանության հրովարտակը, բայց հետագայում մտափոխվել էր և հալածանք էր սկսել քրիստոնյաների դեմ: Լիկիանոսը տեղեկանալով, որ Թեոդորոսը ոչ միայն ինքն է քրիստոնյա այլև շատերին քրիստոնյա է դարձնում, հրամայում է նրան հրաժարվել քրիստոնեությունից և վերադառնալ հին կրոնին: Թեոդորոսը, Աստվածային քաջալերությամբ զորանալով, պատրաստակամություն հայտնեց ամեն տեսակ չարչարանքներին ենթարկվել, քան թե ուրանալ Քրիստոսին: Արջառաջլերով ձաղկեցին նրան, մինչև իսկ նրան ձեռքերից կապեցին և կախեցին խաչափայտից: Թեոդորոսը տոկաց բոլոր չարչարանքներին: Ի վերջո, 319թ.-ին գլխատությամբ արժանացավ մարտիրոսության պսակին:

     

    Ելևթերիոս (Ելևթյուրոս)

    Մեր օրացույցում հիշատակվում է որպես վկա, սակայն այս անունով վկայի չհանդիպեցինք, ո՛չ մեր Հայսմավուրքներում և ո՛չ էլ հույների, կամ լատինների մոտ: Թորգոմ Պատրիարքը կարծում է, որ նրա անունը ավելի ճշգրիտ պիտի գրվի Թյուրսոս: Արդարև այս անունով վկա գոյություն ունի մեր Հայսմավուրքներից Մարզվանցու հրատարակածի մեջ, ինչպես նաև լատինների և հույների մոտ, ըստ որի՝ նրա հայրենիքը Բյութանիան էր, նահատակվել է Գ դարի կեսերին, Դեկոսի հալածանքների ժամանակ, ծանր չարչարանքների ներքո: Նրա հետ նահատակվում են նաև Լյուկոս անունով մի պատվական քահանա և Կալինիկոս անունով մի քուրմ, որը տեսնելով Թյուրսոսի չարչարանքների ժամանակ կատարված հրաշքները՝ դարձի էր եկել:

    Հայերս նրա հիշատակության տոնը կատարում ենք Սբ. Խաչին հաջորդող տասներորդ երեքշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Երեմիա 3.22-56

     Հռոմեացիներ 8.18-27

     Ավ. ըստ Հովհաննեսի 16.1-4

    shape
    book-shape