shape

Սուրբ Անդրե զորավարի և նրա բանակի, Կալինիկոս և Դոմետիոս վկաների հիշատակության օր

  • 28 հունվարի, 2020 թ.
  •  

    Անդրե զորավար և իր բանակը

    Ծնունդով Կիլիկայից էր Անդրեաս զորավարը, Դիոկղետիանոս կայսեր օրոք Սիրիայի կայսերական բանակում բարձրաստիճան գաղտնի քրիստոնյա զինվորական էր: Պարսիկների դեմ պատերազմի ճակատամարտերից մեկում, երբ նրա բանակը՝ շուրջ 600 հոգի, նահանջելու եզրին էր, նրանց այս անգամ Հիսուս Քրիստոսի անունով քաջալերեց և ետ դարձնելով՝ հաղթանակ ձեռք բերեց: Այս դեպքից ամբողջ բանակը քրիստոնյա դարձավ: Իր սպարապետը, այս ամենի մասին տեղեկանալով, զորք է ուղարկում և երբ նրանք անցնում էին Տավրոսի կիրճով, բոլորին նահատակում է 300 թ.-ին:

     

    Կալինիկոս վկա

    Գաղատացի մի քրիստոնյա էր, որը զբաղվում էր ձեթի վաճառքով և գործի բերումով վայրից վայր էր գնում և տարածում էր քրիստոնեության լույսը: Ձերբակալվեց և նրան առաջարկվեց ուրանալ քրիստոնեությունը: Երբ մերժեց առաջարկը, չարչարանքների ենթարկվեց, ի վերջո գամերով պատված կոշիկներ հագցրեցին և մինչև Գանգռա քաղաքը վազացրեցին, որտեղ էլ կրակի մեջ նետելով նահատակեցին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Վարագա խաչին հաջորդող հինգերորդ երեքշաբթի, կամ Ս. Խաչին հաջորդող տասներորդ երկուշաբթի օրը:

     

    Դիոմետես վկա (Դոմետիոս)

    Դիոկղետիանոս կայսեր օրերում ապրած տարսոնացի մի քրիստոնյա է, ազնվական ընտանիքի զավակ և մասնագիտությամբ բժիշկ: Շրջում էր աղքատ հիվանդներին բժշկելով՝ որքան իր արհեստով նույնքան և ավելի՝ հավատքով: Այդ ճամփորդության ընթացքում հասավ նաև Նիկիա, որտեղ հատկապես սրտապնդում էր հալածվող քրիստոնյաներին: Ձերբակալվեց և դատվելու համար Նիկոմիդա տարվեց: Հակառակ մարտիրոսանալու իր բուռն փափագի, Նախախնամությունը նրան խնայեց և չարչարանքներից զերծ պահեց, սակայն նրան մարտիրոսական փառքով և պսակով վարձատրեց, քանզի շղթայված, չարչարանքի տարվելու ժամանակ, երբ աղոթելու համար մի պահ կանգ առավ, այդ վիճակում էլ ավանդեց իր մաքուր և բարեսեր հոգին 303 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 4.10-27

     Եսայի 48.17-21

     Բ Կորնթացիներ 10.3-6

     Ավ. ըստ Մատթեոսի 10.37-42

    shape
    book-shape