shape

Սուրբ Գրիգոր Սքանչելագործի, Նիկողայոս Հայրապետի և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

  • 05 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Գրիգոր Սքանչելագործ

    Ծնվել է 213 թ.-ին ազնվականի ընտանիքում, Պոնտոսի, կամ Սեբաստիայի շրջանի Նեոկեսարիա քաղաքում, որը այժմ Նեքսար է կոչվում: Բարձր ուսում ստանալուց հետո մտադրվում է հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստծո նախախնամության կողմից իր համար այլ ասպարեզ էր տնօրինված: Նրա քրոջ ամուսինը նշանակվեց Պաղեստինի կուսակալ: Գրիգորն, իր եղբոր հետ, քրոջն ընկերացավ՝ դեպի Պաղեստին կատարվող ճանապարհորդության ժամանակ: Պաղեստինի վարչական կենտրոնը Կեսարիան էր, որը մյուս Կեսարիաներից զանազանելու համար կոչում էին Պաղեստինյան Կեսարիա: Որոգինեսը՝ այդ ժամանակների ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականը, Ալեքսանդրիաի հռչակավոր քրիստոնեական բարձրագույն վարժարանը տեղափոխել էր այստեղ: Երկու եղբայրները, պարզ հետաքրքրասիրությունից դրդված, որոշեցին տեսնել, թե դա ինչ է: Այնքան տպավորվեցին Որոգինեսի հիմնավոր հմտություններից և դասավանդելու գրավիչ մեթոդից, որ որոշեցին իրենց ուսումը կատարելագործել նրա մոտ, այդ ժամանակ Գրիգորը 20 տարեկան էր: Որոգինեսը հեշտությամբ և անկաշկանդ ուսուցանում էր նաև հունական բարձր իմաստասիրություն և հռետորություն: Ի վերջո կարողացավ քրիստոնյա դարձնել այս ուշիմ և լավ վարք ունեցող երիտասարդներին, որոնք 6-7 տարի նրա մոտ մնացին և հմտացան նրա ուսման և ուսուցանելու մեթոդի մեջ:

    Նեոկեսարիա վերադառնալուց հետո, որոշ ժամանակ շարունակեց ուսանել Կապադովկյան Կեսարիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ, որից «սովորեց եկեղեցական բոլոր կարգերը և վարդապետական սահմանումները»: Ամասիայի մետրոպոլիտը նրան իր քաղաքի՝ Նեոկեսարիայի վրա եպիսկոպոս ձեռնադրեց, որտեղ, ասում է պատմական ավանդությունը, երբ նա ձեռնադրվեց հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ երբ մահացավ՝ հազիվ 17 հեթանոս էր մնացել: Նրա անվան հետ բազմաթիվ հրաշքներ են կապում, որոնցից մեծ մասի մասին պատմում են Հայսմավուրքները, որոնցից էլ ստացել է «Սքանչելագործ» անունը, որը որ ժողովրդականություն վայելող և բացառիկ անձնավորություն լինելու հավաստիք է:

    264 թ.-ին մասնակցեց Անտիոքի ժողովին, որը Պողոս Սամոսատցի հերետիկոսին դատապարտելու համար էր գումարվել: Իր բարձր կրթությանը հակառակ, նա եկեղեցու ավելի գործուն գործիչ եղավ քան՝ աստվածաբան: Բազմաթիվ գրական գործեր է թողել, որոնցից գլխավորը Որոգինեսի մասին մի ջատագովություն է, որը կարդացել էր մեծ իմաստասեր-աստվածաբանի ներկայությամբ, երբ նրանից պիտի բաժանվեր: Նորադարձ քրիստոնյաների համար օգտակար մի գիրք ունի, որը պարունակում է Քրիստոնեական հիմնական ուսուցումները: Նրա «Կանոնական Թուղթ»-ը լայն տեղեկություններ է պարունակում նախնական եկեղեցու սովորությունների մասին: Եվ վերջապես «Ժողովող» գրքի մեկնություն ունի և Թեոպոմպաս Եպիսկոպոսին ուղված մի թուղթ, որը Աստծո բնության մասին մի իմաստասիրական խոսակցություն է: Գրիգոր Նյուսացին գրել է նրա կենսագրությունը: Վախճանվեց 270 թ.-ին՝ խաղաղ մահվամբ: Իր գործերից 10-12 կտոր թարգմանված է դասական հայերենի:

    Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

     

    Նիկողայոս Մյուռայի Հայրապետ

    Առհասարակ ժողովրդականություն վայելող սրբերի կյանքը այնքան է զարդարվում հրաշալի իրադարձություններով, որ երբեմն պատմական դեպքերը և թվականները բոլորովին անտեսվում են և սուրբը գրեթե առասպելական մի անձնավորության է վերածվում: Սրանցից է նաև Սուրբ Նիկողայոս Հայրապետը:

    Մեր տոնացույցում կան երկու Նիկողայոսներ, որոնք տոնախմբվում են դեկտեմբերի սկզբին, մեկը մյուսից երկու շաբաթ տարբերությամբ, երբեմն, Ս. Աստվածածնի հղության տոնի պատճառով, որը անփոփոխ է և միշտ տոնվում է դեկտեմբերի 9-ին, նրանք իրար հետ են տոնախմբվում, այդպես պատահեց 1972 թ.-ի նոյեմբերի 25-ին:

    Հույները և լատինները մեկ Նիկողայոս Հայրապետ ունեն՝ Մյուռայի Եպիսկոպոսը, որևէ «Զմյուռնայի Հայրապետ» Նիկողայոս նրանք չունեն, ինչպես նաև չունեն մեր Հայսմավուրքները: Այնպես որ մնում է միայն Մյուռայի Ս. Նիկողայոս Հայրապետը, որի մասին էլ մենք պիտի խոսենք:

    Ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա կոչված հին գավառի Բաթարա քաղաքում, որը ներկայիս Անթալիա քաղաքից շատ հեռու չէ: Մեծահարուստ, բայց միևնույն ժամանակ շատ բարեպաշտ և բարեգործ հոր զավակ է, նրա մայրը Նիկողայոս Երեց կոչված եպիսկոպոսի քույրն էր: Փոքր տարիքում կորցրեց իր ծնողներին և մորեղբոր խնամատարությամբ բարեպաշտությամբ մեծացավ: Ավետարանի պատգամը. «Եթե ցանկանում ես կատարյալ լինել գնա վաճառիր ամբողջ ունեցվածքդ և աղքատներին բաժանիր», իրեն հասցեագրված համարեց, ուստի սկսեց իր հորից և մորից մնացած ունեցվածքը վաճառել և աղքատներին բաշխել: Իմանալով, որ ինչ որ երեք աղջիկների հայր չի կարողանում հայթայթել իր աղջիկների օժիտը, գիշերով երեք քսակ պատրաստեց և նրանց բակ նետեց, այդպիսով ազատելով ծնողին դժվար դրությունից: Մորեղբոր կողմից քահանա է ձեռնադրվում: Ս. Երկիր ուխտի գնալու ժամանակ ծովում խիստ ալեկոծություն է սկսում և Նիկողայոսի աղոթքներով ծովը հանդարտվում է:

    Մյուռա քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվում այն ժամանակ, երբ մահանում է տվյալ քաղաքի առաջնորդը: Մեծ եռանդով նվիրվում է իր ծառայությանը, հատկապես իր խնամքի առարկա է դարձնում աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, որբերին և այրիներին: Երբ Լիկիանոսը «վերանորոգում» է Դիոկղետիանոսի հալածանքները, ձերբակալվում և աքսորվում է: Աքսորի ժամանակ էլ չդադարեց Ավետարանի քարոզչությունը: Խաղաղության վերահաստատվելուն պես իր աթոռը վերադարձավ: 325 թ.-ին ներկա եղավ Նիկիայի ժողովին: Հաջորդ տարի խաղաղ և երջանիկ մահվամբ կնքեց իր կյանքը:

    Համարվում է ոչ միայն նավաստիների պահապան սուրբը, այլ մանավանդ մանուկների, որոնց հանդեպ միշտ հատուկ հոգատարություն էր ցուցաբերել: Ամերիկյան շրջանակներում տարածում գտած «Սանտա Կլաուս»-ի բացատրությունը, որը համապատասխանում է մեր Կաղանդ Պապին, «Սանտա Նիկոլաս»-ի աղավաղված տարբերակն է: Համայն Ռուսաստանի պահապան սուրբն է համարվում: Նրա ժողովրդականությունը արևմուտքում սկսվում է այն օրվանից, երբ իր մասունքները 1087 թ.-ին փոխադրեցին Իտալիայի Բարի քաղաքը, որտեղ իր անվամբ մի փառավոր տաճար է կառուցված:

    Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

     

    Մյուռոն Կրետեի Եպիսկոպոս

    Ծնվել է Կրետե կղզու Ռավկիա քաղաքում, այսօրվա Հիրակլիոն քաղաքի մերձակայքում, երրորդ դարի կեսերին: Պատվական և մեծահարուստ քրիստոնյայի զավակ է: Ամուսնացավ: Առատաձեռն ու բարեգործ էր, որը հաստատելու համար իր մասին գողտրիկ փոքր պատմություններ են պատմվում: Մի անգամ իր սիսեռի արտի մեջ գողեր մտան, սակայն փշերի մեջ խճճվելով չկարողացան դուրս գալ, առավոտը ինքը եկավ նրանց ազատեց և սիսեռով բեռնավորված՝ ամենքին իր տուն ուղարկեց: Այլ գողեր էլ նրա կալը մտան, սակայն պարկերի ծանրությունից չկարողացան դրանք դուրս հանել: Նա առավոտյան գալով նրանց ուսին դրեց պարկերը և իրենց տները ճամփեց հանձնարարելով, որ այլևս գողութուն չանեն: Հրաշագործություններ էլ է արել: Ահ և սարսափ տարածող մի վիշապի իր աղոթքով սատկացրեց: Ստիպված մի գործի գնալու ժամանակ իր ճամփին մի գետի հանդիպեց, որը ծանծաղ տեղ չունենալու պատճառով անանցանելի էր, աղոթքով խաչակնքեց գետը և երիվարը քշեց, գետը երկու մասի բաժանվեց և երիվարը անցավ միջով;

    Երբ իր ժամանակակից քրիստոնյաներին նահատակում էին, սպասում էր, որ հերթը իրեն էլ հասնի: Հալածանքի դադարելով իր մարտիրոսանալու փափագը անկատար մնաց: Ի վերջո իր քաղաքի եպիսկոպոսը դարձավ և սքանչելագործություններով խորին ծերության հասավ՝ հարյուր տարեկան, և խաղաղությամբ կնքեց իր բարեպաշտ կյանքը:

    Մենք նրա հիշատակը տոնախմբում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, մյուս երկու սքանչելագործ հայրապետների՝ Գրիգորի և Նիկողայոսի հետ միասին:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Եզեկիել 3.16-19

     Բ Տիմոթեոս 3.10-15

     Ավ. ըստ Հովհաննեսի 10.11-16

    shape
    book-shape