shape

Պահք Սուրբ Մինասի, Երմոգինեի, Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

  • 07 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Մինաս, Երմոգինես և Գրաբոս

    Մինասը ծնվել և ուսում էր առել Աթենքում և ապրում էր Մաքսիմինոս կայսեր (286-310) ժամանակներին, գաղտնի քրիստոնյա էր դարձել: Կայսրը նրան Ալեքսանդրիա ուղարկեց, որպեսզի խաղաղություն հաստատի այս խռովահույզ քաղաքում: Նրան ընկերացավ իր քարտուղարը՝ Գրաբոս կամ Եվգրաբոսը: Իր ճարտասանությամբ (իմաստությամբ) հաջողվեց իր առաքելության մեջ, որից էլ կայսրը գոհ մնալով՝ նրան այդ նույն քաղաքի կառավարիչը կարգեց: Սակայն նրա բարեգութ արարքները և քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած բարեկամությունը երևան հանեցին նրա քրիստոնյա լինելը, ինչը որ Ալեքսանդրիայի հեթանոս մեծամեծները տեղեկացրին կայսերը: Կայսրը նրան փոխարինելու համար մի այլ աթենացի ուղարկեց, նույնքան ուսյալ և նույնքան ճարտար Երմոգինես կոչվածին: Նա նախ իր ճարտասանությամբ փորձեց Մինասին դարձի բերել, բայց հաղթվելով նրա իմաստուն պատասխաններից, խստագույն չարչարանքների ենթարկեց, մինչև իսկ կտրել տվեց նրա լեզուն և աչքն էլ հանել տալով՝ բանտ նետեց: Սակայն հաջորդ օրը Մինասը բժշկված ներկայացավ նրան, որից Երմոգինեսը խորապես տպավորվելով քրիստոնյա դարձավ, մկրտվեց և եպիսկոպոս ձեռնադրվեց և սկսեց քաջաբար քարոզել Ավետարանը: Կայսրը պատահածի մասին տեղեկանալով անձամբ Ալեքսանդրիա եկավ: Դատեց և ծանր չարչարանքների ենթարկեց նրանց, սակայն նրանք երկնային զորությամբ գոտեպնդվելով՝ տոկացին բոլոր չարչարանքներին: Այդ ժամանակ Մինասի դիվանադպիրը՝ Գրաբոսը, որը նույնպես քրիստոնյա էր, սկսեց նախատել կռապաշտութունը և հեգնել կայսեր անճարությունն ու անհաջողությունը այս մարդկանց դարձի բերելու մեջ: Կայսրը, զայրացած, տեղնուտեղը սպանեց նրան; Իսկ Մինասին և Երմոգինեսին էլ չորրորդ դարի սկզբներին հրամայեց գլխատել;

     

    Հովհաննես Կամավոր Աղքատ

    Մի մեծահարուստ իշխանի որդի էր Հովհաննեսը և իր ծնողների հետ ապրում էր Կ. Պոլսում: Երբ կարդալ սովորեց ծնողները նրան մի Ավետարան նվիրեցին, որի տուփը ոսկուց էր և ակնակուռ: Մատաղահասակ տարիքում ծնողներից գաղտնի վանք մտավ, որտեղ այնքան առաջացավ կրոնական ճգնությունների մեջ, որ բոլորի հիացմունքին էր արժանանում: Սակայն որոշ ժամանակ անց ծնողների կարոտից ֆիզիկապես սկսեց մաշվել: Վանահայրը արտոնեց, որպեսզի գնա և տեսնի իր ծնողներին: Ճանապարհին, իրենից ավելի աղքատ հագնված մեկին տեսնելով, նրա հետ փոխանակեց հագուստները և հայրական տան մոտ հասնելով՝ մի խուց պատրաստեց դրա մոտ և որպես մուրացկան այնտեղ բնակություն հաստատեց: Իր ծնողների դեմքերը երբեմն-երբեմն տեսնելու համար միշտ Աստծուն փառք էր տալիս, սակայն երբեք չէր հայտնում նրանց իր ով լինելը: Ծնողները, խղճահարվելով նրա խղճալի տեսքից, երբեմն-երբեմն իրենց սեղանի ավելցուկներից ուտելիք էին ուղարկում նրան, որն էլ մի փոքր ճաշակելով, մնացածը բաժանում էր ուրիշ աղքատներին: Չարաչար հիվանդացավ, մարմինը որդերով պատվեց և այնքան գարշահոտ դարձավ, որ մայրը հրամայեց, որ նրան այնտեղից հեռացնեն: Երբ դռնապանը եկավ հեռացնելու նրան, Հովհաննեսը նրան խնդրեց, որ մի փոքր ժամանակ տա իրեն, քանի որ շուտով արդեն մահանալու էր: Դռնապանը ծնողների դուրս գալու ժամանակ նրան տեղյակ էր պահում և նա հեռանում էր իր խցից և թաքնվում:

    Երբ զգաց, որ մահանալու է, կանչեց դռնապանին, շատ շնորհակալ եղավ նրա տված թույլտվության համար և խնդրեց, որ տանտիրոջը հայտնի, թե իրենց տան դիմացի աղքատը մահամերձ է և նրան երկու խոսք ասելու համար տեսակցություն է խնդրում: Ժահրահոտության համար մայրը նախ չցանկացավ գալ: Հովհաննեսը դարձյալ խնդրեց դռնապանին, որ գնա և ասի. թե Հիսուսը մի անգամ ասել է. «Երանի աղքատներին, քանզի այդպիսիներինն է Աստծո արքայությունը», և թերևս Աստված էլ իրեն ողորմի աղքատին այցելելու իր բարիքի համար:

    Երբ մայրը եկավ, Ավետարանը հանելով նրան տվեց: Կինը ճանաչեց իր նվիրած Ավետարանը և կանչելով իր ամուսնուն ցանկացավ իմանալ, թե որտեղից է ստացել այն: Հովհաննեսը ասաց. «Երդվեք, որ ասածներս կկատարեք և այդ ժամանակ ամեն բան կպատմեմ»: Ծնողները խոստացան: Հովհաննեսը ասաց. «Շատ պիտի խնդրեմ, որ ինձ այս խցում թաղեք, իմ վրայի մազեղեն ցնցոտիով, ոչ մի փառահեղ թաղում… Ես ձեր որդի Հովհաննեսն եմ» և ավանդեց հոգին: Եվ ավելացնում է վկայաբանությունը, «անուշ բույր բուրեց նրանից»: Մայրը, այս լսելով, ուշակորույս ընկավ: Լուրը տարածվեց ամբողջ քաղաքում: Ծնողները ցանկացան մեծարժեք զգեստներ հագցնել, փառավոր թաղում անել, սակայն իրենց տված խոստումը հիշելով նրա ասածի պես արեցին՝ թաղեցին նրան իր խցում և իրենք էլ բարեպաշտությամբ և բարեգործությամբ կնքեցին իրենց կյանքը:

    Թեև մեզ մոտ Հովհաննես Գբեցին և Հովհաննես Կամավոր Աղքատը որպես տարբեր անձեր են տոնվում, սակայն ըստ երևույթին դա միևնույն անձն է և երկու պատմությունները նույն անձնավորության պատմության երկու տարբեր տարբերակներ են:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ երկուշաբթի օրը:

     

    Ալեքսիոս Կամավոր Աղքատ

    Ալեքսիոսը հռոմեացի ազնվական և բարեպաշտ ծնողների զավակ էր, որն իր ամուսնական գիշերը գաղտնի փախավ Արևելք և Եդեսիա քաղաքում իրեն ճգնողական կյանքի նվիրեց Ե դարի առաջին քառորդին: Իր սրբության համբավն ամեն կողմ տարածվելու պատճառով այս անգամ էլ արևմուտք փախավ և որպես մուրացկան իր հայրական տան սանդուղքների տակ բնակություն հաստատեց՝ առանց իր ինքնությունը հայտնելու: Մահվանից հետո իր մոտից հայտնաբերած մի գրությունից հայտնի դարձավ նրա ով լինելը, հայրն ու մայրը նրա վրա ընկնելով դառնապես արտասվեցին, որ այսքան տարիներ իրենց հարկի տակ ապրել է իրենց կորած միակ որդին և իրենք չէին ճանաչել և մուրացկանի տեղ էին դրել նրան: Ապա իր ճգնած վայրի վրա մատուռ կառուցվեց:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 15.33-16.7

     Եսայի 18.7

     Փիլիպեցիներ 1.27-2.4

     Ավ. ըստ Մատթեոսի 10.37-42

    shape
    book-shape