shape
Հայ մամուլ

Հայ մամուլ

 

«Ո՜րչափ ատեն է՝ որ ազգային լրագրաց անգին թերթերը թերևս գրատանց մութ անկիւնները փոշւոյ տակ թաղեալ կը սպասեն՝ որ արդի գրականութեան սիրովը վառեալ գրիչ մը հանէ զիրենք մոռացութեան անյատակ անդունդէն: Թերեւս քանի քանի անգամ մեծանեծ յոյսերով սնան՝ երբ կարծեցին թէ Հայոց Մատենագրութեան հետամուտ եղողները կը մօտենան իրենց ալ, եւ կը քննեն հիմնովին, սակայն ի զուր եւ ընդ վայր: Հայոց Մատենագրութեան այն էջերն ալ՝ որ ուրիշ կողմանէ կրնան կատարեալ կոչվիլ եւ մեծամեծ քրտանց արդիւնք համարուիլ, լրագրութեան մասին չեն այնպէս ամբողջական, եւ հետաքրքիր ընթերցողի մը յագուրդ չեն տար »

Գալէմքեարեան Գրիգորիս

Հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794-96թթ. Մադրասում /Հնդկաստան/ Հարություն Շմավոնյանի ջանքերով։ Տպագրվել է 18 համար /տետրակ/ յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ։ Հետագա տասնամյակներին թերթեր ու հանդեսներ են հրատարակվել աշխարհի հայահոծ վայրերի հայկական տպարաններում՝ Վենետիկում 1799թ. «Տարեգրությունը», Մոսկվայում՝ 1829թ. «Մուզայք Արարատյանը», Զմյուռնիայում՝ 1830թ. «Ազգասէրը», Թիֆլիսում՝ 1846թ. «Կովկասը», Վիեննայում՝ 1847թ. «Եվրոպան», Փարիզում՝ 1855թ. «Արևելքը», Թեոդոսիայում՝ 1859թ. «Մասյաց աղավնին», Մանչեստրում՝ 1863թ. «Երկրագունդը» և այլն։ Ամենաերկարակյաց հայկական պարբերականը «Բազմավեպն» է /1843թ.-ից մինչ օրս/։ Արևելահայ առաջին պարբերականը «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթն է /1816թ. Աստրախան/: Հայաստանի Հանրապետության տարածքում հրատարակված առաջին պարբերականը Էջմիածնի «Արարատ» հանդեսն է /1868-1919/: Երևանի առաջին պարբերականը «Պսակ» լրագիրն է /1880թ./, Շուշիինը՝ «Հայկական աշխարհ» հանդեսը /1874թ./։
«Հայկական շարունակական հրատարակություններ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր ծագերում հրատարակված հայատառ պարբերականները: Գրացուցակում գրառված են նաև էլեկտրոնային, ինչպես նաև այլալեզու մամուլի այն անվանումները, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։ Մատենագիտական գրառումները կատարվել են Հայաստանի ազգային և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանների հավաքածուների հիմքի վրա:
Որոշ դեպքերում աղյուսակում համարի տակ գրվում է թվային պատճենները տրամադրողների հապավված անունները: «Կարդալ առցանց» հղման ներքո հասանելի են համարները՝ թվային ձևաչափով։ Հապավումներն են`

 

  • ARAM - Association pour la Recherche et l'Archivage de la Mémoire Arménienne.
  • HU-ADRC - Haigazian University Armenian Diaspora Research Center.
  • ԱԱ` Հայաստանի ազգային արխիվ:
  • ԱՊ` «Ասպարեզ»:
  • ԲՊԳ` Բեռլինի պետական գրադարան:
  • ԳԱԹ՝ Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարան:
  • ԳԲԳ` Հանրապետական գիտաբժշկական գրադարան:
  • ԵԿՄ՝ Երուսաղեմի Կյուլպենկյան մատենադարան:
  • ԺՄՆԿ` Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագրություն:
  • ԿԿՄ`Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մատենադարան, Անթիլիաս, Լիբանան:
  • ԿՀԳ` Կազանի համալսարանի գրադարան:
  • ՀԱՀ՝ Հայ ազգային հիմնադրամ (Կահիրե):
  • ՀՀՀ՝ Հայկազեան Հայագիտական Հանդէսի խմբագրութիւն:
  • ՀՑԹԻ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
  • Մ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
  • ՄՄ՝ Միհրան Մինասյան:
  • ՆԳԿՀ` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ:
  • ՊՄՈՒԿ` Ազդակ-Ժ. Պուտագեան մամուլի ուսումնասիրութեան կեդրոն:
  • ՊՊՕՄ` Պոլսոյ Պատրիարքութեան Օրմանեան Մատենադարան:
  • ՌԱԳ` Ռուսաստանի ազգային գրադարան:
  • ՍԳԿ` ՍՓՅՈՒՌՔ գիտաուսումնական կենտրոն:
  • ՍԷՄ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան:
  • ՍՂՄ՝ Սուրբ Ղազար վանքի (Վենետիկ) մատենադարան:
  • ՍՊ` Սուրեն Պայրամյան, մշակութային-հասարակական գործիչ, Եգիպտոս:
  • ՎՄՄ՝ Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
  • ՓԵԳ` Փարիզի Մայր եկեղեցու գրադարան:
  • ՓՆԳ` Փարիզի Նուպարեան գրադարան:

 

Հրատարակությունները ըստ բնույթի բաժանված են՝ թերթ, ամսագիր, տարեգիր, տեղեկագիր, էլ. թերթ, էլ. ամսագիր, էլա-թղթ, էլթ-թղթ։

էլա-թղթ՝ ամսագրային այն հրատարակություններն են, որոնք տպվել են թղթային տարբերակով, ապա դարձել են էլեկտրոնային։

էլթ-թղթ՝ այն թերթերն են, որոնք տպվել են թղթային տարբերակով, ապա դարձել են էլեկտրոնային։

Շտեմարանը տրամադրում է նաև հարուստ վիճակագրական տվյալներ։ Այսպես․ բացվող ընտրացանկից ընտրելով Խորագիր (Subject) դաշտը և փնտրման պատուհանում նշելով երկրի կամ քաղաքի անունը՝ կստանաք ճշգրիտ տվյալներ, թե քանի անուն պարբերական է տպագրվել այդ վայրում, և առցանց այդ պարբերականները ընթերցելու հնարավորություն կունենաք։ Կարելի է նաև ստանալ տվյալներ թե քանի թերթ կամ ամսագիր է տպագրվել։ Մուտքագրելով ՀԱԳ ներկա կամ ՀԱԳ բացակա, կպարզեք Հայաստանի ազգային գրադարանում առկա կամ բացակա վերնագրերի քանակները համապատասխանաբար։ Իսկ որպես խորագիր նշելով հայատառ թուրքերեն արտահայտությունը՝ կիմանաք, թե քանի հայատառ թուրքերեն պարբերական է տպագրվել։ Նմանատիպ որոնում կարելի է իրականացնել խմորատիպ հրատարակությունների համար։ Տեղափոխվելով «Խորացված փնտրում» (Advanced Search) աշխատակարգ՝ կարելի է որոնման այս բոլոր հնարքները համադրել մեկ փնտրման մեջ։

«ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» շտեմարանում տեղադրված նյութերը կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով՝ պարտադիր հղում կատարելով Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am կայքին: