Բարաղամը († 250/1) ըստ արևելյան Հայսմավուրքների, ապրել է 3-րդ դարում, Անտիոքում և նահատակվել Դեկոս կայսեր ժամանակ, իսկ ըստ արևմտյանների` ապրել է Կեսարիայում Դիոկղետիանոսի ժամանակ և ընդունել նահատակության փառապսակը 304 թ.: Հալածանքների ժամանակ ծերունի Բարաղամը բռնվում և բերվում է հեթանոսական տաճար, որպեսզի կուռքերին զոհ մատուցի: Դատի ժամանակ նրան մոտեցնում են կռապաշտական զոհասեղանին և մեկնված աջ ձեռքի վրա դնում եռացող ամանը` խնկով հանդերձ: Տանջողները հաշվարկում էին, որ տկար ծերունին չի դիմանա և կգցի եռացող խնկամանը խորանի վրա՝ այսպիսով զոհ մատուցելով կուռքին: Սակայն Բարաղամը պահում է խնկամանն այն աստիճան, մինչև նրա ձեռքի մատներն այրվում են, որից հետո նա մահանում է` ընդունելով անապական փառքի պսակը:
Անթիմոսը († 302/3) նահատակվել է Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ժամանակ Նիկոմիդեայում: Նիկոմիդիայի քրիստոնյաներին մեղադրում են կայսերական պալատի հրկիզման մեջ, և նրանց դեմ սանձազերծվում է դաժան հալածանք: Եպիսկոպոսը հոտի խնդրանքով թաքնվում է լեռներում և ամրացնում ու մխիթարում հոգևոր զավակներին ուղերձներով: Նրանցից մեկի հետ բռնվում է նաև Թեոփիլոս սարկավագը: Եպիսկոպոսի գտնվելու վայրը չմատնելու համար նա նահատակվում է: Իմանալով` որտեղ է թաքնված Անթիմոսը, կայսրը նրա հետևից քսան զինվոր է ուղարկում: Անթիմոսը, դիմավորելով զինվորներին լեռներում, հյուրասիրում է նրանց և կամավորաբար հայտնում իրեն: Որպես երախտագիտության նշան՝ զինվորներն ուզում էին բաց թողնել եպիսկոպոսին, իսկ կայսրին` խաբել: Սակայն Անթիմոսը չի համաձայնվում: Ի տես այսպիսի հավատքի՝ ուղարկվածները հավատում են Քրիստոսին ու մկրտվում: Կատարելով եպիսկոպոսի պահանջը` զինվորները տանում են նրան պալատ, որտեղ կայսրը ցույց է տալիս Անթիմոսին մահապատժի առարկաները: Սակայն եպիսկոպոսն ասում է. «Դու չես կարող խաբել նրան, ով ինքն իսկ ցանկանում է մեռնել Քրիստոսի համար, մահապատիժը վախեցնում է միայն տկար հոգիներին, որոնց համար ժամանակավոր կյանքը թանկ է ամեն ինչից»: Կայսրը հրամայում է գանահարել Անթիմոսին, այնուհետև նրան կապում են անիվից և պտտելով այրում ջահերով: Բազում տանջանքներից հետո նա գլխատվում է:
Երանոսը († 304) նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք Պանոնիայում, Սիրմիա քաղաքում (ներկայիս Սիրեիմ գյուղը, Հունգարիա), Պրոբա շրջանի կառավարչի կողմից: Դատավարության ժամանակ Երանոսի ծնողները, երեխաները և ընկերները համոզում են նրան խղճալ իր երիտասար դությունը և երեխաներին, ինչին Երանոսը պատասխանում է․ «Իմ երեխաներն Աստված ունեն, Ով կհոգա նրանց մասին: Ինձ ոչինչ չի ստիպի հրաժարվելու իմ Քրիստոսից»: Չարչարանքներից հետո եպիսկոպոսը գլխատվում է: