shape

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ

  • 10 մայիսի, 2018 թ.
  •  

    «Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ: Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. ԻԴ 50-53):

    Ս. Հարության տոնից 40 օր հետո` հինգշաբթի օրը, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է, որը եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության և ավետարանական պատմության շրջանը:

    «Համբարձում» նշանակում է բարձրացում։ Համբարձումը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է:

    Համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում (Մարկ. ԺԶ 19-20, Ղուկ. ԻԴ 50-53,Գործք Ա 9-11): Ս. Հարության մեծ և պատմական դեպքից անցել էր քառասուն օր, որի ընթացքում հարուցյալ Տերը խորհրդավոր կերպով, բայց միշտ մարդկային կերպարանքով բազմիցս երևաց վշտաբեկ և հուսահատ Իր աշակերտներին` նրանց վերահաստատելով իրենց առաքելական կոչման և հավատի մեջ: «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստծու արքայության մասին» (Գործք Ա 3-4): Հարուցյալ Քրիստոս այդ 40 օրերի ընթացքում չդադարեց քարոզելուց` երևալով Իր աշակերտներին, մորը և յուղաբեր կանանց: Իր հանդիպումների ժամանակ Նա միշտ խոսում էր Երկնքի արքայության մասին, հուսադրում, քաջալերում ու մխիթարում, որպեսզի Իր` երկինք գնալու պատճառով չտրտմեն: Հիսուս նրանց մեջ սերմանեց նաև համբերություն և արիություն. համբերություն` հույսով սպասելու Նրա` նախապես տված խոստման իրագործմանը. «Եթե Ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես եմ, այնտեղ նաև դուք լինեք» (Հովհ. ԺԴ 3), և արիություն` ընդդեմ գալիք փորձությունների, որպեսզի կարողանան աներկյուղ քարոզել Ավետարանը։

    Հիսուս Քրիստոս, գիտենալով մեր մարդկային բնության տկարությունները, չհեռացավ, մինչև նրանց սրտից չհանեց կասկածները: Նրա քառասնօրյա երևումները և անկասկածելի ներկայությունն առաքյալների մտքում ու գիտակցության մեջ հաստատեցին, որ անհավատալին իրականացել է, և խաչի ու մահվան մթությանը հաջորդել է գալիք պայծառ օրերի հավերժական լույսը: Քրիստոս Իր հարությունից հետո կերավ ու խմեց աշակերտների հետ, թեպետ դրա կարիքը չուներ։ Սակայն դրանով մեկ անգամ ևս հաստատեց, որ Իր հարությունը ստույգ է, և հարություն է առել այն նույն մարմնով, որով անարգվեց, չարչարվեց և խաչվեց:

    Ղկ. 18:1-14, Գրծ. 1:1-14, Մտ. 28:16-20, Մտ. 19:1-15, Մր. 10:13-27

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Ներսես աբեղա Հարությունյանը:

    shape
    book-shape