shape

Սուրբ Կոռնելիոս հարյուրապետի, Քրիստոսի ազգական Շմավոնի, որ խաչվեց Երուսաղեմում, Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքում նահատակված վկաների հիշատակության օր

  • 08 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Կոռնելիոս Հարյուրապետ

    Առաջին հեթանոսն է, որ քրիստոնյա դարձավ: Թեև սրանից առաջ մենք տեսանք Ղունկիանոս հարյուրապետին, որը հավատի եկավ Խաչելության ժամանակ, բայց նրա մկրտության և կյանքի մնացյալ պարագաները ներկայացված չեն Նոր Կտակարանում, այլ մեր գիտեցածը լոկ ավանդությունից է: Տեսանք նաև եթովպացի թագուհու ներքինիին, որի մասի թեև ասվում է «եթովպացի», բայց դա պատճառ չէ, որ չկարծենք, թե նա հրեա էր, քանի որ «երկրպագելու համար Երուսաղեմ էր եկել» (Գործք 8:27): Արտասահմանցի հրեաներն իրենց ապրած երկրի անունով էին կոչվում. «լիբիացի, կիպրոսցի, կիլիկեցի» և այլն:

    Կոռնելիոսը հաստատվել էր Պաղեստինի կառավարիչների կենտրոնը հանդիսացող Կեսարիա քաղաքում, այսօրվա Հայֆա քաղաքի մերձակայքում: «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետերից էր: Հավանաբար այն բարեպաշտ հեթանոսներից էր, որոնք, տեսնելով հրեական կրոնի մեջ եղող ճշմարտությունը, հրաժարվել էին իրենց կրոնից և աստվածներից և ճշմարիտ Աստծուն էին պաշտում: Կոռնելիոսի մասին ասվում է. «Ընտանիքով հանդերձ բարեպաշտ և երկյուղած մի մարդ էր, բոլորին ողորմություն էր անում և ամեն օր աղոթում էր Աստծուն» (Գործք. 10:1-2):

    Մի օր Աստծո հրեշտակը երևում է նրան և ասում. «Աղոթքներդ և բարեգործություններդ Աստծո մոտ բարձրացան և ընդունելի եղան. արդ մարդ ուղարկիր Հոպպե և կանչել տուր Պետրոս անունով մարդուն, որը բնակվում է ծովեզերքում՝ կաշեգործ Սիմոնի տանը»: Արդարև Կոռնելիոսը մարդ է ուղարկում և կանչել է տալիս Պետրոս Առաքյալին, որն էլ իր հերթին նույն օրը տեսիլք էր տեսել և որի իմաստը Կոռնելիոսի կողմից կանչվելուց հետո հասկացավ, այսինքն երբեք չխորշել Ավետարանը հեթանոսներին քարոզելուց և նրանցից նորադարձներ ունենալուց: Ըստ Գործքի բացատրության. «Ոչ ոքի անսուրբ կամ պիղծ չհամարել» ծիսական մեկնությամբ:

    Երբ Պետրոսը Կոռնելիոսի տուն հասավ նա արդեն հրավիրել էր «իր ազգատոհմին և կարևոր ընկերներին» ու սպասում էր իրեն: Այնքան պարզ, ամբողջական և հետաքրքրական էր այս առթիվ Պետրոսի քարոզը, որ արժե նույնությամբ մեջբերել:

    «Ճշմարտապես վերահասու եմ եղել որ Աստված խտրություն չի դնում մարդկանց մեջ. այլ կարևոր չէ, թե ինչ ազգից է, եթե երկյուղած է և արդարություն է գործում, ընդունելի է Աստծուց: Աստված Իր Խոսքը ուղարկեց Իսրայելի որդիներին Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղության ավետիսը տալու համար, որը ամեն ինչի Տերն է: Դուք արդեն պիտի լսած լինեք այն բաների մասին, որոնք տեղի ունեցան Իսրայելում, սկսած Գալիլեայում Հովհաննեսի մկրտության քարոզչությունից հետո, այսինքն Նազովրեցի Հիսուսի մասին, Որին Աստված օծեց Իր Սուրբ Հոգով և Զորությամբ, Որը շրջեց՝ բարիք գործելով և բժշկելով բոլոր նրանց, ովքեր սատանայից բռնված էին, քանի որ Աստված Նրա հետ էր: Եվ մենք վկայում ենք այդ ամենի մասին, որ արեց Հրեաստանում և Երուսաղեմում և որից հետո խաչելով սպանեցին Նրան: Սակայն Աստված երրորդ օրը Նրան հարություն տվեց և Նրան արտոնեց, որ երևա ոչ թե բոլորին, այլ մեզ՝ վկաներիս, որոնց Աստված նախապես ընտրել էր, որ հարությունից հետո Նրա հետ կերանք և խմեցինք: Եվ մեզ պատվիրեց բոլորին քարոզել, որ Ինքն է Աստծուց սահմանված ողջերի և մեռելների դատավորը»:

    Երբ Պետրոսը խոսում էր, «Սուրբ Հոգին իջավ բոլոր լսողների վրա»: Երբ տեսան, որ Սուրբ Հոգու շնորհները հեթանոսների վրա էլ է իջնում, հատկապես զարմացան հրեա քրիստոնյաները, որոնք ընկերակցում էին Պետրոսին:

    Այն ժամանակ Պետրոսը բազմիմաստ ակնարկ գցելով իր հետ եկած քրիստոնյաների վրա, ասաց. «Կարո՞ղ ենք արդյոք արգելել սրանց, որ մկրտվեն ջրով, երբ նրանք մեզ պես Սուրբ Հոգին ընդունեցին»: Եվ հրամայեց, որ նրանց մկրտեն: Մի տան երդիկի ներքո հավաքված և հեթանոսներից բաղկացած այս փոքրիկ խումբն այն փոքրիկ ձնագունդը եղավ, որը մինչ այսօր գլորվում և մեծանում է մեր երկրագնդի ամբողջ տարածքում:

    Կոռնելիոսի մասին ավանդությունն ասում է, որ Սկեփսիոն անունով մի քաղաք է գնացել և քարոզել, թեև այնտեղ չարչարանքների է ենթարկվել, բայց խաղաղ մահվամբ է ավարտել իր կյանքը:

    Նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ երեքշաբթի օրը՝ այլ սրբերի հետ միասին:

     

    Շմավոն՝ Քրիստոսի ազգական

    Մենք այս անհատին պիտի նույնացնենք «Տեառնեղբայր» Սիմոնի հետ, որի մասին անունից բացի (Մարկ. 6:3) ոչ մի տեղեկություն չունենք: Ավանդությունը նրան համարում է Հակոբոսի հաջորդը՝ Երուսաղեմի երկրորդ եպիսկոպոսը, որը շուրջ հիսուն տարի մնացել է այդ պաշտոնին: Որպես քրիստոնյաների առաջնորդ՝ հրեաների ձեռքով մատնվում է Պաղեստինի հռոմեացի կառավարիչների ձեռքը, որոնք նրան չարչարանքների են ենթարկում, որոնց նա զարմանալի համբերությամբ տոկում է, ի վերջո Հիսուսի նման խաչի մահվան է դատապարտվում խոր ծերության հասակում՝ ավելի քան հարյուր տարեկանում: Տոնվում է Հիսնակի երրորդ երեքշաբթի օրը այլ առաքելական սրբերի հետ միասին:

     

    «Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

     

     

    Պողիկարպոս Զմյուռնիայի Հայրապետ

    Պողիկարպոս հունարեն նշանակում է «բազմապտուղ» և արդարև նախնական եկեղեցու բարզմարդյունք Հայրապետներից է: Ծնված է համարվում 70 թ.-ին և աշակերտած Հովհաննես Ավետարանչին, որը այդ թվականներին և այնուհետև երկար տարիներ ապրել է Եփեսոսում, նրա կողմից էլ, Պողիկարպոսը, ձեռնադրվել է որպես Զմյուռնիայի եպիսկոպոս: Այդ դիրքում դարձավ ամենահայտնի դեմքը ոչ միայն ամբողջ Էգեյան ծովածոցում, այլև նրան ժամանակակից ամբողջ Քրիստոնեական եկեղեցում: Իր կյանքի և կորովի մեծ մասը հատկացրեց ժամանակակից հերետիկոսների դեմ պայքարելուն:

    Պողիկարպոսն էլ, Իգնատիոսի նման, մի ճանապարհորդություն ունեցավ դեպի Հռոմ, որ նպատակը Հռոմի Անիկտոս Եպիսկոպոսի հետ Զատկի տոնակատարության միօրինականության շուրջ համաձայնութան գալն էր: Քանզի Էգեյան ծոցի հավատացյալների մեջ սովորություն կար Զատիկը տոնել Նիսան ամսի 14-ին, առանց կաևորելու, թե շաբաթվա որ օրը կհամընկներ դրան, այլ կերպ ասած՝ տոնում էին հրեաների հետ՝ Պասեքի տոնին, մինչդեռ մյուս քրիստոնյաները կատարում էին հաջորդ կիրակի օրը: Պողիկարպոսը, որպես էգեյացիների, կամ «չորեքտասանականներ»-ի ներկայացուցիչ, նախ փորձեց համոզել Հռոմի եպիսկոպոսին, որ իրենց հետ կատարեն Զատիկը: Անիկտոսը մերժեց: Բայց քանի, որ երկուստեք բարի տրամադրվածություն կար և քրիստոնեական նույն ոգին դեռ տիրապետող էր, ուստի համաձայնվեցին, որ յուրաքանչյուր Եկեղեցի իր սովորության համաձայն կատարի:

    Վերադառնալիս արդեն կայսրական հալածանքի հրաման էր արձակվել, ուստի ձերբակալվեց և հրավիրվեց ուրանալ Քրիստոսին: Պատկառելի Հայրապետը պատասխանեց. «86 տարիներ ի վեր ծառայում եմ Քրիստոսին և ոչ միայն Նրանից վնաս չեմ տեսել, այլ մի շարք բարիքների եմ արժանացել. ես ինչպե՞ս կարող եմ ուրանալ իմ Թագավորին և Փրկչին»: Դատավորը հրամայեց հրով այրել նրան: Կապեցին ձեռքերն ու ոտքերը և նա աչքերը երկնքին հառած աղոթում էր: Երբ նրան կրակի մեջ նետեցին, «բոցը քամուց փչված նավի առագաստի նման բարձրացավ և նրա գլխավերևում հրե կամար կապեց և կարծես սուրբը վրանի ներքո էր և այդպես հոգին ավանդեց: Դահիճները, երբ տեսան, որ նրա մարմինը չայրվեց, կարծեցին, թե ողջ է, սրերով խոցեցին նրա մարմինը և կրակը բորբոքելով 155 թ.-ին այրեցին անշնչացած մարմինը»: Իսկ հավատացյալները հավաքելով մնացած ոսկորները՝ պատվով թաղեցին; Պողիկարպոսից մնացել է մի թուղթ՝ ուղղված Փիլիպպեցիներին, որի հայերեն թարգմանության հետքը չգտանք:

    Մենք նրա տոնակատարությունը կատարում ենք Հիսնակի երկրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի սկզբին:

    Որպես ծանոթություն ավելացնենք, որ Զմյուռնայի Եկեղեցին Փոքր Ասիայի ներքին նահանգներից Պիսիդյան Փիլոմելիում քաղաքի Եկեղեցուն մի երկար նամակ գրեց, որում նկարագրվում է Պողիկարպոսի մարտիրոսությունը: Այդ նամակը մինչ այսօր պահվում է, որպես այդպիսին հանդիսանալով քրիստոնեական մարտիրոսագրության գրավոր առաջին վավերագիրը: Այդ վավերագրում հաստատվում է, որ Պողիկարպոսը արժանացել է ամենամյա հիշատակության, սրանով էլ նա հանդիսանում է առաջին մարտիրոսը, որի ամենամյա հիշատակությունը, կամ տոնակատարությունը հաստատվում է պատմական գրավոր վավերագրերի կողմից, որը մեզ է հասել Բ դարի սկզբներից: Մի հիշատակություն, որը մինչ այսօր շարունակվում է հին և պատմական բոլոր Քրիստոնյա Եկեղեցիներում:

     

    Արևելյան Վկաներ

    Սրանք Էգեյան ծոցի քրիստոնյաներից էին, որոնք նահատակվեցին Զմյուռնիայում՝ 150-ական թթ.-ին, Զմյուռնիայի Հայրապետ Պողիկարպոսի նահատակությունից քիչ անց:

    Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի երկրորդ երեքշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 1.1-7

     Երեմիա 16.16-21

     Գործք 1.12-14

     Ավ. ըստ Մարկոսի 6.6-13

    shape
    book-shape