Համարվում է անապատականության հիմնադիրը: Ծնվել է 251 թ. Եգիպտոսում` Կոմա բնակավայրում, Թեբեյան անապատից ոչ հեռու: Քսան տարեկան հասակում զրկվելով ծնողներից` վաճառում է իր ունեցվածքը, բաժանում չունևորներին և առանձնանում մի խրճիթում, որտեղ անցկացնում է իր օրերը աղոթքի և աշխատանքի մեջ: Գայթակղության պահերին ջերմեռանդ աղոթում էր Աստծուն` խնդրելով ցույց տալ իրեն փրկության ճանապարհը: Ձեռք բերելով գայթակղությունների դեմ պայքարի փորձ` Անտոնն առանձնանում է անապատում: Այդ ընթացքում նրա մասին փառքը տարածվում է ամենուր, և շատ-շատերն սկսում են մենակյացի մոտ գալ` խորհուրդներ ստանալու: Շուտով անապատում հայտնվում են բազում օթևաններ:
Քրիստոնյաների հալածանքների ժամանակ` 311 թ., նա գալիս է Ալեքսանդրիա և օգնում նրանց: Երբ արիոսականները ցանկանում են նրան իրենց համախոհ հայտարարել, նա հրապարակայնորեն նզովում է նրանց ուսմունքը: Իր պարզ, համոզիչ ճառերով նա մերկացնում էր հեթանոս փիլիսոփաներին և շատ մարդկանց դարձի բերում դեպի Քրիստոս:
Անտոնին խորապես պատվում էին Կոստանդիանոս Մեծն ու նրա որդիները: Իր կյանքի ութսունհինգ տարիներն անցկացնելով անապատում` Ս. Անտոնը հոգին ավանդում է Տիրոջը 356 թ. 105 տարեկանում, ըստ նախապես հայտնած իր փափագի՝ թաղվում անապատում: