Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել 204 միավոր գրականություն:
Աստվածաբանական ու հայագիտական բնույթի այս գրքերի որոշ մասն առկա էին Մատենադարանում, իսկ մի շարք գրքեր խիստ պահանջված էին ընթերցողների կողմից:
Այդ իսկ պատճատով «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրինությունը ս/թ ապրիլին նախաձեռնեց անհրաժեշտ գրականության ձեռք բերման հարցը:
Ընթերցողների անունից շնորհակալություն ենք հայտնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին և տեղեկացնում, որ այսօր արդեն Անթիլիասի հրատարակության 204 միավոր գրականությունը մուտքագրված է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի «ԿՈՀԱ» գրադարանային համակարգ` http://koha.etchmiadzinlibrary.am:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում ստեղծվել է հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան, հրատարակվել է Կոմիտաս վարդապետի կողմից կազմված «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ընտրանին, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ վերահրատարակվել է Մակար Եկմալյանի «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (երգչախմբի համար նախատեսված բաժինը` նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան) և Նիկողայոս Թաշչյանի կողմից գրի առնված և հայկական նոտագրության համակարգից եվրոպական նոտագրության փոխադրված «Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց» օգտաշատ հատորները:
«Հայկական ազգային երաժշտական գանձատուփը» շարժական նվագարկիչն է, որտեղ զետեղված են 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Գանձատուփի առաջին նմուշը ընծայվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամն է կյանքի կոչել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի:
Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուների շնորհանդեսը:
Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից:
Նոր հրատարակություն
Ի հայրապետութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգնի Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և օրհնութեամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանի՝ Տեր Արարատ քահանա Պողոսյանը լույս է ընծայել «Հայ եկեղեցու սուրբ կաթողիկոսները» գիրքը: Այն նվիրվում է Սուրբ Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի գահակալության 1300 ամյակին: Գրքում հանրամատչելի կերպով ներկայացվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբադասված կաթողիկոսների կյանքն ու գործունեությունը: Բուն նյութին նախորդում է Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ Հայաստանում քրիստոնեության տարածման և Հայ եկեղեցու հաստաման պատմությունը:
Նախատեսվում է ընթերցողների լայն շրջանակի համար:
Տպագրվել է Լուսինե Մեջլումյանի մեկենասությամբ:
Էջադրումը՝ Ղևոնդ ավ. քհն. Մայիլյան, Տեր Արարատ քհն. Պողոսյան:
Սրբագրիչ՝ Լուսինե Իսախանյան:
Գերմանիայի Թուբինգի Էբերհարդ Կառլս համալսարանի պրոֆեսոր տիկին Գուդրին Հոլցն ու իր ամուսինն օրերս այցելեցին Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան: Նրանք ծանոթացան Մատենադարանում առկա գրականությանը, առանձնակի ոգևորությամբ հետաքրքրվեցին հնատիպ գրքերի պատմությամբ: Տպավորված ջերմ ընդունելությունից` գերմանացի հյուրերը հեռացան՝ հուսալով, որ նորից հնարավորություն կունենան այցելել Ս. Էջմիածնի Մատենադարան:
Այսօր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան այցելեց Համահայկական գրողների միության պատվիրակությունը` նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ: Գրողները շրջեցին Մատենադրանի ցուցասրահներով, ծանոթացան գրապահոցի ու ընթերցասրահի գրականությանը, նաև՝ հնատիպ գրքերին: Նրանցից շատերն ուրախությամբ տեղեկացան, որ իրենց հեղինակած գրքերից առկա են «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում։
Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն ազատվել է Հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից։
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Հրատարակչական բաժնի տնօրեն:
Արգենտինայի հայոց թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու, Վիսենտե Լոպեսի «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների ավարտական լսարանի սաներն այսօր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նրանց ուղեկցում էր Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարներին, ակնաբուժներին և բարերարներին:
Բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Նունե Եղիազարյանն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նախագծի սկզբնավորման պատմությունը և անցնող քսանհինգ տարիների գործունեությունը, խոսեց Կապանում մարզային ակնաբուժական կենտրոնի բացման մասին:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում՝ կազմակերպված ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևմտյան և Արևելյան թեմի ուխտավորների հետ` ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Տաթև ավագ քահանա Հարությունյանի (Կուպերտինոյի Ս. Անդրեաս եկեղեցի) և Տ. Հակոբ քահանա Գևորգյանի (Ֆիլադելֆիայի Ս. Երրորդություն եկեղեցի): Հանդիպմանը ներկա էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի Ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակից 29 երիտասարդներ: