Գերմանիայի Թուբինգի Էբերհարդ Կառլս համալսարանի պրոֆեսոր տիկին Գուդրին Հոլցն ու իր ամուսինն օրերս այցելեցին Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան: Նրանք ծանոթացան Մատենադարանում առկա գրականությանը, առանձնակի ոգևորությամբ հետաքրքրվեցին հնատիպ գրքերի պատմությամբ: Տպավորված ջերմ ընդունելությունից` գերմանացի հյուրերը հեռացան՝ հուսալով, որ նորից հնարավորություն կունենան այցելել Ս. Էջմիածնի Մատենադարան:
Մեկ ամիս հետո «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը նվիրատվություն ստացավ Գուդրին Հոլցի հեղինակած «Աստծո կատարելությունն ու մարդու անկատարությունը» գիրքը:
Գրքում պրոֆեսոր Հոլցն անդրադառնում է Աստվածաբանական մարդաբանության զարգացմանը` ժամանակակից հելլենիստական փիլիսոփայության համատեքստում: Վկայակոչելով հրեա աստվածաբան Ֆիլոն Ալեքսանդրիացուն` հեղինակը նշում է, որ աստվածաբանական մարդաբանությունը զարգանում է ինքնության արդիական փիլիսոփայության համատեքստում, միևնույն ժամանակ հավելում է, որ ինքնության խնդիրն անցյալում համարվել է հելլենիստական փիլիսոփայության կենտրոնական թեմաներից մեկը:
Մատենադարանի տնօրինությունն իր շնորհակալությունն է հայտնում պրոֆեսոր Հոլցին և ցանկանում արդյունավետ գիտամանկավարժական գործունեություն: