Լուրեր

Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ

Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ

  • 25 Jul 2017
  •      Արգենտինայի հայոց թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու, Վիսենտե Լոպեսի «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների ավարտական լսարանի սաներն այսօր Ս. Էջմիածնի  «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նրանց ուղեկցում էր Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

          Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով երիտասարդ ուխտավորների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը բերեց դպրոցների հոգաբարձուներին ու մանկավարժներին, որոնց ջանքերի շնորհիվ հայ մանուկները կրթվում ու դաստիարակվում են ազգային արժեքներով և ամրապնդվում նախնյաց սուրբ հավատքով:

      Նորին Սրբությունը կարևորեց նման ուխտագնացությունների դերը` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում հայորդիներին ավելի խորությամբ ճանաչելու իրենց հայրենիքը, պատմությունն ու մշակույթը, նպաստում են նաև Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը:

       Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց պատանիներին բացահայտել հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խորհուրդն ու նվիրականությունը` հավելելով, որ աշխարհասփյուռ հայությունը շնորհիվ հայրենիքի է, որ հարատևել է, իսկ ուժ և զորություն ստացել է Սուրբ Էջմիածնից:

       Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին ժրաջանություն և նախանձախնդրություն դրսևորել իրենց ուսումնառության մեջ, որպեսզի իբրև ազգի արժանավոր զավակներ կարողանան ապագայում իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել նաև հայրենիքին և Մայր Եկեղեցուն:

       Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

    shape
    book-shape