Համագործակցություն

Երեվանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան

Երեվանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան

  • 25 Jan 2018
  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1935 թ.: Դրանից առաջ հիմնադրվել էր նաև բուհը՝ որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Արդեն ութ տասնամյակ գործող բուհը թե՛ համակարգային, թե՛ բովանդակային բազում փոփոխությունների է ենթարկվել, սակայն հավատարիմ է մնացել իր կարևոր սկզբունքին՝ օտար լեզվի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը:

    Գրադարանի հիմնական առաքելությունն է կազմակերպել ԵՊԼՀ ընթերցողական համակազմի համալսարանական պահանջներին և գրադարանավարության արդի չափանիշներին համապատասխան սպասարկում:

    Գրադարանում գործում են հետևյալ բաժինները՝ համալրման և մշակման, բաժնույթի և գրապահոց, էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության, ընթերցասրահ, Ավստրիական գրադարան: Այսօր կարևորագույն դեր ունի գրադարանի ավտոմատացումը: Անընդմեջ ընդլայնվում են գրադարանային ծառայությունների շրջանակները տեխնոլոգիաների և տեղեկատվության ժամանակակից ձևերի ու մեթոդների ներդրմամբ:

    2016 թ. ներդրվեց գրադարանային գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգը, հիմնված բաց/ազատ կոդերի սկզբունքով նախագծված KOHA համակարգի վրա: ԵՊԼՀ գրացուցակը Հայաստանի գրադարանների համահավաք քարտագրման համակարգից տեղափոխվեց KOHA-ի հիմքի վրա գործող նոր համակարգ:

    Գրադարանային ֆոնդերը ձևավորվում և նպատակաուղղված համալրվում են ԵՊԼՀ-ում գործող կրթական ծրագրերին և գիտահետազոտական ուղղություններին համապատասխան: Հիմնականում ֆոնդերը զետեղված են տարբեր հավաքածուներում, դասակարգված են հատուկ բաժիններով և հասանելի են էլեկտրոնային գրացուցակի միջոցով:

    Հիմնադրման օրվանից ի վեր գրադարանը համալրվել է օտարալեզու գրականությամբ: Այսօր գրքային ֆոնդի մոտ 200.000 կտոր գրքից միայն 30%-ն է հայերեն: Օտարալեզու ֆոնդերը հիմնականում համալրվում են դեսպանատների և հյուպատոսարանների միջոցով:

    Համագործակցում է Հայաստանի բոլոր բուհական գրադարանների հետ տարբեր ձևաչափերով՝ գրքափոխանակումից սկսած մինչև նեղ մասնագիտական հարցեր։ Գրադարանում հաճախ են կազմակերպվում գրադարանային ոլորտին առնչվող սեմինարներ, հանդիպումներ։ Անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների

    կոնսորցիումին (ՀԷԳԿ), ինչի շնորհիվ գրադարանին հասանելի են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական շտեմարանները, որոնց առկայությունը պարտադիր է գիտահետազոտական աշխատանքների համար:

    ԵՊԼՀ գրադարանում գործող Ավստրիական գրադարանը այդ երկրի մշակութային և գիտական կենտրոնն է Հայաստանում։ Այն բաց է ավստրիական մշակույթով, պատմությամբ և ուղղակի գերմաներեն ուսումնասիրող հանրության համար:

    Գրադարանից կարող են օգտվել համալսարանի ամբողջ աշխատակազմը և ուսումնառողները: Յուրաքանչյուր այլ բուհի ուսանող կամ դասախոս կարող է այցելել ԵՊԼՀ գրադարան որպես արտաքին ընթերցող և օգտվել գրադարանի ֆոնդերից միայն գրադարանի տարածքում:

    2015 թ. ԵՊԼՀ գրադարանն իր պատմության ընթացքում առաջին անգամ ընդգրկված է որպես գործընկեր Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների կառուցում (Erasmus+ Capacity Building in Higher Education) «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» (Library Network Support Services: modernizing libraries in Armenia, Moldova and Belarus through library staff development and reforming libraries) /LNSS/ նախագծում:

     

    Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանi կայքէջն է՝ www.brusov.am/library/yslu-library/about-library

     

    shape
    book-shape