Համագործակցություն

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

  • 01 Sep 2017
  • ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ-ի նոյեմբերի 8-ին: Գրադարանի ժամանակավոր կառավարիչն է եղել Հակոբ Մանանդյանը:

    1927 թ-ին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 52 հազար միավոր, իսկ ընթերցողների քանակը ընդամենը` 530: Այսօր ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 2 միլիո­ն միավո­ր գիրք, որից 1,2 միլիոնը ուսումնագիտական են:

    1994 թ-ի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակներում պաշտոնապես բացվում է գրադարանի նորակառույց շենքը: 1995 թ.-ին շվեցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը գրադարանի տեխնիկական վերազինման և աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար: ԵՊՀ գիտական գրադարանը 1997 թ-ի հոկտեմբերի 7-ին անվանակոչվում է շվեյցարահայ բարարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների` Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվամբ:

    Գրադարանային ֆոնդերը հիմնականում համալրվում են բաժանորդագրության, գրքափոխանակության և առևտրային գործարքների միջոցով: Դրանց հետ միասին գոյություն ունեն համալրման օժանդակ աղբյուրներ, որոնցից են նվիրատվությունը և դրամական օժանդակությունը: Այս առումով գրադարանի համար կարևոր նշանակություն ունեն Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր) և Անդրեյ Սախարովի (1200 միավոր) անվան ֆոնդերը, որոնց շնորհիվ գրադարանը ձեռք է բերել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Այդ գրքերը հիմնականում օտարալեզու են (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն):

    Այս ֆոնդերում պահպանվում են արտերկում հրատարակված հայալեզու 101 անուն 4530 միավոր այնպիսի արժեքավոր պարբերականներ ու հանդեսներ, ինչպիսիք են` «Հայերենիքը» (Բոստոն, 1922-1948 թթ.), «Դրօշակը» (Ժնև, 1889-1980 թթ.), «Բազմավեպը», «Հայ եկեղեցին», «Վէմը», «Հայաստանի Կոչնակը» և այլն:

    Դրամական օժանդակության տեսանկյունից գրադարանի համար հատկապես առանձնահատուկ նշանակություն են ունեցել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրված դրամաշնորհները:

    Այսօր գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաև Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը:

    Գրադարանի արդիականացման և զարգացման համար առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցության և փորձի փոխանակաման գործընթացը: Այս առումով կարեւոր նշանակություն է ունեցել 1996-1999 թթ. Ռոստոկի համալսարանի (Գերմանիա) կողմից իրականացված եռամյա ծրագիրը, որի շրջանակներում 150 հազար գերմանական մարկի դրամական օժանդակություն է ցուցաբերվել` գիտական ամսագրերի, գրքերի, գրադարանային պարագաների ու սարքավորումների տեսքով:

    Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրենն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Եզնիկ Սահակի Միրզոյանը:

    2006 թ-ի հուլիսի 10-ի ԵՊՀ գիտական խորհրդի թիվ 5 նիստի որոշմամբ կատարվեց կառուցվածքային մի շարք փոփոխություններ, որոնք նպատակաուղղված էին գրադարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը` հաշվի առնելով առաջատար եվրոպական համալսարանների փորձը:

     

    ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի կայքէջն է՝ www.lib.ysu.am

    shape
    book-shape