Համագործակցություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

  • 31 Aug 2017
  • Հայաստանի ազգային գրադարանը հայերեն գրականության աշխարհի ամենախոշոր պահոցն է։ Հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել՝ 1922թ.։ Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ 1919-21թթ գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ Ազգային գրադարանը իր գոյության 180 տարիների ընթացքում հավաքել և պահպանում է աշխարհով մեկ սփռված հայերեն գրականությունը: Հավաքածուները ձևավորվել են տասնամյակների ընթացքում` անհատների, հաստատությունների, կազմակերպությունների նվիրատվությունների, գնումների, պարտադիր և անվճար միավորների ձեռքբերման, ինչպես նաև Ազգային գրադարանի և այլ հաստատությունների գրադարանների հետ գրքափոխանակության միջոցով:1-ին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն.Արղությանի, Բ.Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։  Գլխավոր գրապահոցը Հայաստանի Ազգային գրադարանի ամենամեծ ֆոնդապահ բաժինն է, որն իրականացնում է ֆոնդի պահպանման և սպասարկման համալիր աշխատանքները: Բաժինը մշակում է ֆոնդերի պահպանման և սպասարկման հետ կապված մեթոդական , կազմակերպչական հարցեր և սպասարկում գրադարանի ընթերցողներին և բաժիններին: Գլխավոր գրապահոցի ֆոնդը միատարր չէ, այն բազմաճյուղ է ըստ բովանդակության, բազմատիպ է ըստ հրատարակչական ձևերի, սահմանափակված չէ աշխարհագրական , լեզվական կամ ժամանակագրական որևէ շրջանով: 1925-90թթ գրադարանը կոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով: 1982թ. հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ գրադարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ 1999թ-ից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի ազգային գրադարանի օր: Այժմ 14 հարկանի շենք ունեցող գրադարանում կա ավելի քան 7 միլիոն կտոր գիրք։ Ամենահին գիրքը Հակոբ Մեղապարտի Ուրբաթագիրքն է՝ հայկական տպագիր առաջին գիրքը (Վենետիկ, 1512): 2012 թ. ֆոնդերը համալրվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից, Միչիգանի, Դերբորնի համալսարանից, Բելառուսիայի, Իրանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության գրադարաններից, ինչպես նաև Թուրքիայի «Մարմարա» թերթի խմբագրությունից և Լիբանանի Համազգային Վահե Սէթէան հրատարակչությունից ուղարկված հարուստ գրականությամբ: Այժմ պահպանվում է օտարալեզու 187.181 միավոր գիրք, որից հայագիտական գրականությունը կազմում է 17.270 միավոր:

     

    Հայաստանի ազգային գրադարանի կայքէջն է՝ www.nla.am

    shape
    book-shape