shape
Մատենադարանի հիմնադիրը

Մատենադարանի հիմնադիրը

 

     «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ: 

 

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 18 հոկտեմբերի, 2012 թ.)

 

 

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության

տիար Սերժ Սարգսյան,

Մեծազնիվ առաջին տիկին Ռիտա Սարգսյան,

Պատվարժան բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյաններ,

Հարգարժան Վարչապետ տիար Տիգրան Սարգսյան,

Մեծահարգ Նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության

տիար Պերճ Սեդրակյան,

Սիրելի հոգևոր հայրեր և բարեպաշտ ժողովուրդ.

 

            Հոգու անհուն խնդությամբ ենք ողջունում ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիշարժան և տոնական է այս օրը Մայր Աթոռի համար: Եկավ բարի պահը, և մեր ժողովրդի առջև բացում ենք դռները «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի: Նորակառույց Մատենադարանը, ինչպես տեսնում եք, գեղեցկակերտ և ոգեշեն կառուցված` առանձին շուք է հաղորդում մեր նվիրական հնագույն Մայրավանքին: Հոգու և մտքի լուսավորության այս նոր կաճառը, ապահովված է լավագույն պայմաններով ու հնարավորություններով Մայր Աթոռի մեծաթիվ գրականության պահպանման և ուսումնասիրման համար, և համոզված ենք, նոր լիցք պիտի հաղորդի մեր հոգևոր ու գիտամշակութային կյանքին:

            Առաքյալը հորդորում է «Թող ձեր սէրը աւելի և աւելի առատանայ գիտութեան և ամենայն իմաստութեան մէջ» (Փիլիպ. Ա. 9): Դարերի ընթացքում մեր Սուրբ Եկեղեցին օրրան է եղել դպրության ու գիտության և Աստծո օրհնությամբ այսօր էլ իր առաքելության ծիրում վառ է պահում իմացության ջահը` աղբյուրը հոգևոր այն զորության, որը բարեփոխում է մարդկային կյանքը, կերտում նրա առաջընթացն ու բարօրությունը: Այս առաքելությանն է կոչված Մայր Աթոռի նորակառույց Մատենադարանը, որը մեր կյանքում հավելելու է գիտության լույսը և հարստացնելու իմացության շտեմարանները, հավատքով ու քրիստոնեական ճանաչողությամբ զորացնելու է Մեր զավակներին, որպեսզի ամուր ու հաստատուն քայլերով ընթանան դեպի Աստված և իրենց մտքի ու հոգու արգասիքները ծառայեցնեն հոգևոր մեր կյանքի և մեր Հայրենիքի առաջընթացին: Մատենադարանի գործունեության այս հեռանկարը ուրախացնում և քաջալերություն է պարգևում մեր հոգիներին: Գոհություն Աստուծո, այսօր առավել պայծառ ու զորացած ենք տեսնում Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը, որ հավատքի լուսով և հայրենյաց սիրով առավել ամուր պիտի շարունակի շաղկապել ու միավորել ազգս հայոց:

            Սիրելիներ, Մատենադարանի այս հոյակերտ կառույցով մարմնավորված են եկեղեցասիրությունն ու ազգասիրությունը ազգային բարերարներ` տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյաների: Մատենադարանը համալրում է բարեգործությունների այն շարքը, որ ազնիվ ու նվիրյալ բարերարները տարիներ շարունակ հանձն են առել նախանձախնդիր ու պատրաստակամ ոգով` նշանակալի ավանդ բերելով եկեղեցական և ազգային մեր կյանքին: Մեր գահակալության շրջանից մեծազնիվ բարերարները ամեն տարի իշխանավայել նվիրատվություն են կատարում ի նպաստ Մայր Աթոռի ծրագրերի: Նրանց սրտաբուխ ընծայաբերումներով նորոգվել են Մայր Աթոռի ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության և տպարանի շենքերը: Հոգու խնդությամբ ու գնահատանքով ենք անդրադառնում, որ ազգային բարերար տիար Վաչե Մանուկյանը ի հիշատակ իր հանգուցյալ հոր` Սուրբ Եղիշե եկեղեցին է պարգևել Լոնդոնի հայ համայնքին` ձեռք բերելով և նորոգելով Անգլիկան Եկեղեցու պատմական արժեքավոր շենքը: Ձեր վաստակը մեծ է, սիրելի բարերարներ: Կանգուն են Ձեր բարեպաշտության և բարի գործոց վկայությունները: Այսուհետ Մայրավանքում` Արարատի դիմաց, սերունդների համար դարեդար պիտի մնա Մատենադարանը, իսկ առաքյալը ասում է` ՙԵթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ՚ (Ա. Կորնթ. Գ. 14):

            Սիրելիներ, վերջին տարիներին Մայր Աթոռում իրագործվող այս ամբողջ բարեզարդությունը, մեծածավալ աշխատանքները, որոնք դեռևս ընթանում են, հնարավոր են դառնում մեր ժողովրդի բարերար զավակների շնորհիվ, նրանց առատաձեռն նվիրատվություններով: Դրանք վկայությունն են նրանց հավատքի, եկեղեցասիրության, Մայր Աթոռի հանդեպ որդիական սիրո և նախանձախնդրության, որոնցով բարեզարդվում ու պայծառանում է Մայր Աթոռը:

            Երիցս գոհություն և փառք ենք բարձրացնում առ Տերը ազգիս պարգևած բոլոր բարիքների համար, որոնք վկայում են, որ Աստծո շնորհը մեզ հետ է և կշարունակի լինել հավատավոր, աստվածահաճո մեր գործերի ու նպատակների հետ` քաղցր պտուղներով ու բարի վաստակով արդյունավորելով մեր կյանքի ճանապարհը: Տիրոջ բարի կամքով ազատ ու անկախ մեր Հայրենիքում մեր Եկեղեցին զորանում է` վայելելով մեր ժողովրդի հավատավոր զավակների սերը և հայրենի պետության ուշադիր վերաբերմունքը և բարյացակամ զորակցությունը, որի համար Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում հայրենի իշխանություններին` ի գլուխ Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, ով այսօր իր ներկայությամբ պատվում է Մայր Աթոռի Մատենադարանի բացման հանդիսությունը և մասնակից է այս հիշարժան օրվա խնդությանը:

            Գոհունակ սրտով վերստին մեր բարձր գնահատանքն ենք բերում մեծազնիվ տեր և տիկին Մանուկյաններին` իրենց նախանձավոր ոգու և սրտաբուխ բարերարությունների համար: Հայցում ենք Աստծո յոթնարփյա շնորհները և ամենառատ օրհնությունները Մանուկյան ընտանիքին, մաղթում նոր ձեռքբերումներ, եկեղեցանվեր և ազգաշահ գործերին` հաջողություններ: Աստծուց օրհնյալ են ծնողները, որ մեծացրել ու կրթել են բարեպաշտ, ազգասեր և հայրենասեր արժանավոր զավակներ: Հայրապետական սիրով և օրհնությամբ ամենայն բարյաց մեր մաղթանքներն ենք հղում մեր բարերարների սիրեցյալ մայրերին` տիկին Սիրան Մանուկյանին և տիկին Անժել Կարայանին և աղոթք բարձրացնում լուսահոգի հայրերի` Եղիշե Մանուկյանի և Գառնիկ Կարայանի համար:

            Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում այս շքեղ և հոգեկերտ շենքի նախագծող ճարտարապետ տիար Արտակ Ղուլյանին, «Սպիտակ կամար» շինարարական կազմակերպության տնօրեն տիար Արագո Ախոյանին և բոլոր շինարարներին ու վարպետներին, նաև` տարածքը բարեկարգող ՙՊրոֆալ՚ կազմակերպության աշխատողներին, ովքեր հավատքով իրենց միտքն ու հոգին են ներդրել և ջանք չեն խնայել այս կառույցի համար:

            Աղոթքով առ Աստված Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ, սիրելիներ, և համայն մեր ժողովրդին, որ ապրում է հայացքը դեպի Արարատ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Աղոթում ենք, որ Ողորմած Տերը խաղաղ և զորացյալ պահպանի մեր Հայրենիքը, օրհնի մեր ջանքերը շենացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, վերականգնելու մեր բոլոր սրբությունները, բարեզարդելու մեր կյանքը և այսօր ու միշտ ապրելու Իր պարգևած փրկության շնորհով:

            Թող Տիրոջ սերն ու շնորհները լինեն մեզ ամենքիս հետ այսօր և միշտ և հավիտյան: «Փա՛ռք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամենայնի, որ գործէ զբարի» (Հռոմ Բ. 10). ամեն: