shape

Օգտվելու կանոնները

 

 

    Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանից կարող են օգտվել Մայր Աթոռի բոլոր աշխատակիցները, այլ հաստատությունների, բուհերի գիտաշխատողները, ուսանողները, մագիստրանտները, ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները, իսկ 18 տարին չլրացած ցանկացած անձ` միայն տնօրինության թույլտվությամբ:

 

1. Մատենադարանում գրքերը դուրս չեն տրվում, ընթերցողներն օգտվում են տեղում` համապատասխան ընթերցասրահներում: Մատենադարանում գրքեր դուրս են տրվում միայն`

ա. երեք գիրք` արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, Մայր Աթոռի տարբեր բաժիններում պաշտոնավարող ծայրագույն վարդապետներին, վարդապետներին, աբեղաներին, քահանաներին, սարկավագներին, Վանորեից տեսչության վանահայրերին, բանակի հոգևոր սպասավորներին, Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան հոգևոր դպրանոցի և Հառիճի ընծայարանի ուսանողներին,

բ. մեկական գիրք` Մայր Աթոռի աշխատակիցներին` բաժինների տնօրենների միջնորդագրերով:

 

2. Մատենադարանի գրականությունը տրամադրվում է բացառապես 3-րդ կետում նշված անձանց` մեկ ամիս ժամկետով: Լրացուցիչ ժամկետի տրամադրում կարող է կատարվել միայն Մատենադարանի տնօրենի արտոնությամբ: Ժամկետը երկարացնելու արտոնությունը տնօրենից ստանալուց հետո ընթերցողը պարտավոր է այդ գրականությունը ներկայացնել Մատենադարանի ընթերցասրահի սպասարկման բաժին` վերահաշվառման:

 

3. Մատենադարանից դուրս չեն տրվում հանրագիտարանները, բառարանները, տեղեկատուները, հազվագյուտ, թանկարժեք և պատկերազարդ հրատարակությունները, ալբոմները, սեղմագրերը և մինչև 1900 թվականը տպագրված գրքերը, որոնք սպասարկվում են միայն ընթերցասրահներում: 1900-1940 թթ. հրատարակությունները տրվում են միայն այս կանոնակարգի 3-րդ կետում նշված բաժինների աշխատակիցներին` Մատենադարանի տնօրենի արտոնությամբ:

 

4. Ընթերցասրահներում սպասարկվում են Մատենադարանից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ընթերցողները:

 

5. Մատենադարանի ընթերցողն աշխատանքի վայրը, տան հասցեն, հեռախոսի համարը փոխելու, ինչպես նաև ընթերցողական  տոմսը  կորցնելու  դեպքում պարտավոր է անմիջապես հայտնել Մատենադարանի ընթերցասրահի սպասարկման բաժին:

 

6. Այն անձանց (ըստ 3-րդ կետի), ում արտոնված է գրքեր տրամադրել պահելու, նշված ժամկետը  խախտելու  դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է` մինչև վերցված գրքի վերադարձը: Ընդ որում, նա որպես տույժ նաև կարող է ժամանակավորապես (մինչև 1 տարի) կամ առհասարակ զրկվել Ս. Էջմիածնի Մատենադարանի գրականության ֆոնդերից օգտվելու իրավունքից:

 

7. Մատենադարանի տնօրինության սահմանած ժամկետում  վերցված ամբողջ գրականությունը  պետք է  վերահաշվառվի` վերադարձվելով գրադարան և կամ ստուգման ներկայացվելով:

 

8. Գրականությունը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է գրադարանին վերադարձնել նույն գրքի այլ օրինակ: Եթե դա անհնար է, Մատենադարանի տնօրինության որոշմամբ` փոխարինել կորցրած գիրքը հավասարազոր հրատարակությամբ կամ հատուցել կորած գրականության տասնապատիկ արժեքը:

 

9. Մատենադարանի ընթերցասրահի պատասխանատուի թուլտվությամբ ընթերցողն ընթերցասրահներից գրականությունը պատճենահանման տանելու իրավունք ունի միայն Մատենադարանի տարածքում:

 

10.  Պատվիրված նյութը, ընթերցողի կողմից 3 օրվա ընթացքում չպահնջվելու դեպքում, վերադարձվում է գրապահոց:

 

11. Ընթերցասրահներն ունեն առձեռն հավաքածուներ (առձեռն հավաքածուները համալրված են հիմնականում տեղեկատու գրականությամբ` հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ), որոնցից ընթերցողները կարող են ընթերցասրահում օգտվել առանց սահմանափակման: 

 

12. Առձեռն հավաքածուներում բացակայող գրականությունը կարելի է պատվիրել հիմնական ֆոնդից:

 

13. Մատենադարանի ընթերցողին արգելվում է.

   ա. ընթերցողական տոմսը տալ այլ անձանց,

   բ. գրականության վրա նշումներ, ընդգծումներ կատարել, ծալել, պատռել էջերը և այլն,

   գ. ընթերցասրահներից դուրս բերել գրականությունը` առանց թույլտվության,

   դ. ընթերցասրահներում բարձր խոսել և օգտվել բջջային հեռախոսներից,

   ե. ծխել Մատենադարանի տարածքում,

   զ. անպատշաճ պահվածք Մատենադարանում:

 

14. Ընթերցողները պարտավոր են ծանոթանալ քարտարաններից օգտվելու, պատվիրաթերթիկ լրացնելու կանոններին:

 

15. Ընթերցողական տոմսի առկայությունը պարտադիր է և առանց ընթերցողական տոմսի արգելվում է մտնել ընթերցասրահ:

 

16. Տվյալ կանոնները խախտողները կզրկվեն Մատենադարանից օգտվելու իրավունքից: