Չեննայի (Մադրաս) հայոց եկեղեցում պահվող ու ոչնչացման եզրին գտնվող մի շարք արխիվային նյութեր թվայնացվել են: Մտահղացման հեղինակը հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն է: Նախ նա նյութերը տեղափոխել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան, ապա որոշակի վերականգնման աշխատանքներ կատարելուց հետո՝ դրանք թվայնացրել:
Հոգեշնորհ Հայր Սուրբն արդյունավետ համագործակցել է Կալկաթայում գտնվող Արևմտյան Բենգալիայի նահանգային արխիվի տնօրենության հետ: Համատեղ ջանքերով՝ համապատասխան մասնագետի օգնությամբ, ուսումնասիրվել և դուրս են բերվել Հնդկաստանի հայ համայնքի ու հայոց եկեղեցու վերաբերյալ պահպանված նյութերը: Դրանք նույնպես թվայնացվել են:
Տ. Մովսես աբեղա Սարգսյանի հավաստմամբ՝ ժամանակին բրիտանական կառավարությունը Հնդկաստանի արխիվները գրեթե ամբողջությամբ տեղափոխել է Անգլիա:
Կործանումից փրկված արխիվային նյութերը շուտով համապատասխան ձևաչափերով հասանելի կլինեն Ս. Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին:
Կատարված մեծածավալ ու արժեքավոր աշխատանքի համար Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալ է հոգեշնորհ Հայր Սուրբին և համոզված է, որ թվայնացված նյութերը օգտակար կլինեն թե՛ հոգևորական, թե՛ աշխարհիկ ընթերցողներին: