Լուրեր

Գիրք նվիրելու օրը սահմանամերձ Բերքաշատի դպրոցում

Գիրք նվիրելու օրը սահմանամերձ Բերքաշատի դպրոցում

  • 19 Feb 2020
  • «Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը»:

    Թեքերեյ

    Աստծո խոսքը քարոզելու և հավատավոր ժողովրդին կրթելու համար գիրք նվիրելու օրը խորհրդանշականից զատ նաև ունի գործնական նշանակություն:

     «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանի նախաձեռնությամբ օրը նշանավորվեց նաև Արմավիրի մարզի սահմանամերձ Բերքաշատ համայնքի դպրոցի համար:

    Տեր Հոր ողջունելի նախաձեռնությանը միացավ նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր տիար Նարեկ Մկրտչյանը: Հյուրերին դպրոցում հյուրընկալեց ուսուցչական կազմը՝ տնօրեն տիկին Հասմիկ Շահբազյանի գլխավորությամբ:

    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչության շուրջ հինգ տասնյակ կրոնագիտական, պատմագիտական, բանասիրական, բարոյախոսական, քարոզչական բովանդակության գրքեր իրենց վերջնական հանգրվանը գտան դպրոցի գրադարանում:

    Արժանապատիվ Տեր Հայրը և տիար Նարեկ Մկրտչյանը կարևորեցին օրվա խորհուդը՝ հատկապես ընդգծելով գիրք նվիրելու սովորությունը մատաղ սերնդի մեջ ամրապնդելու, գրքասիրությունը և ընթերցանությունը խթանելու տեսանկյունից: Դպրոցի ուսուցիչների հետ ունեցած մտերմիկ զրույցի ընթացքում հյուրերը առիթ ունեցան ի մոտո ծանոթանալու դպրոցի ձեռքբերումներին, ինչպես նաև կրթական և դպրոցաշինական մի շարք դժվարությունների և խնդիրների մասին:

    shape
    book-shape