Լուրեր

«Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ.)» գիտաժողով

«Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ.)» գիտաժողով

  • 22 May 2018
  • Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և մայիսյան գոյամարտերին նվիրված գիտաժողովը:

    Բացմանն իր հայրապետական օրհնանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մայիսյան մարտերը հաղթական վկայությունը եղան հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի սիրո, համախմբվածության ու միասնականության՝ այդ ոգին մեր ժողովրդի մեջ ապրեցնելով իբրև զորություն պետականության կերտման ու հետագա տասնամյակներում ծառացած ահռելի դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Եվ ինչպես մայիսյան հերոսամարտերում, այնպես և Արցախի ազատագրության և հայրենիքի պաշտպանության նորօրյա մաքառումներում մեր Սուրբ Եկեղեցին օրհնում է արդար պայքարը մեր ժողովրդի և զինվորների կողքին կանգնած հոգևորականներով կրթում ու ոգեշնչում հավատքով հայրենյաց սահմանների պաշտպաններին»,- նշեց Վեհափառ Հայրապետը: 

    Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա անդրադարձավ  հայոց պետականության կայացման գործում հայ եկեղեցու դերակատարությունը՝ նշելով, որ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում անգամ ապավեն է եղել իր ժողովրդին: Բացման խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը:

    Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ.)» խորագրով գիտաժողովը համախմբել է հոգևոր հայրերի, գիտնական-պրոֆեսորների, և պարզապես մարդկանց, ում համար պետություն-եկեղեցի կապը կարևոր առաջնաահերթություններից է: Գիտաժողովի ընթացքում հնչեցին 20-ից ավելի ելույթներ, որոնց հիմքում պատմությունն էր, պատմական կերպարները, վավերագրերը, ազգային-արխիվային փաստաթղթերը:

    Գիտաժողովի շրջանակներում, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով Ս. Էջմիածնի Մատենադարանում բացվեց նաև թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով: Հանրության ուշադրությանը ներկայացվեցին 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում (Վաղարշապատում) տպագրված գրքերը և նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները:

    shape
    book-shape