Լուրեր

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ

  • 16 Jan 2019
  • «Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմքերը հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը»:

    ԳԱՐԵԳԻՆ Բ.

    ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

     

    2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից հռչակվել է ԸՆՏԱՆԻՔԻ տարի: Ընտանիքը յուրաքանչյուր ազգի և պետության հարատևության գրավականն է, իսկ Եկեղեցում՝ անկյունաքարը:

    2019 թվականն ընտանիքի տարի հռչակելը ինքնանպատակ չէ. այն հրավեր է յուրաքանչյուրիս՝ անկախ սոցիալական դիրքից և զբաղեցրած կարգավիճակից, ընտանեկան ջերմություն՝ հոգևոր խաղաղություն ստեղծելու այն վայրերում, որտեղ մենք աշխատում, ստեղծագործում և արարում ենք: Սա է հիմնական առաքելությունը և խորհուրդը 2019 թվականի: Միայն այս գիտակցումով և մոտեցմամբ կարող ենք ճշմարտապես իրականություն դարձնել Խրիմյան Հայրիկի երազած ընտանիքը, այն ընտանիքը, որն արժանի կլինի կոչվելու ԴՐԱԽՏԻ ԸՆՏԱՆԻՔ:

    Այս ընտանեկան սիրո ջերմ ու տաքուկ մթնոլորտում էր, որ հունվարի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրենի ուղեկցությամբ նշյալ կառույցների աշխատակիցները մասնավոր հանդիպում ունեցան Հայոց Հոր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նրանք ևս մեկ անգամ վստահեցրին Վեհափառ Հայրապետին, որ նախանձախնդրորեն և նվիրումով կշարունակեն իրենց պատասխանատու աշխատանքը Մայր Աթոռում՝ ի պայծառություն Հայ Եկեղեցու և ի նպաստ հայրենիքի բարօրության:

    Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը ծանոթացավ նոր ընդունված աշխատակիցներին, անդրադարձավ նրանց գործունեությանը, մեկ անգամ ևս կարևորեց ու հայրապետական գնհատանքի արժանացրեց երկար տարիներ Մայր Աթոռում իրենց նպաստը բերած աշխատակիցներին: Հանդիպումը ոգևորիչ էր, ուստի, աշխատակիցներս, ստանալով Հայոց Հայրապետի հայրական օրհնանքը, սիրո և ընտանեկան ջերմության զգացումով հրաժեշտ տվեցինք Վեհափառ Հայրապետին:

    Հանդիպումը հավերժացվեց ընտանեկան լուսանկարով:

    shape
    book-shape