Հունվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանին և փոխտնօրեն Պապին Մուրադյանին:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Մայր Աթոռում գրադարանային գործի պատշաճ կազմակերպման աշխատանքները:
Մատենադարանի տնօրինությունը նախարարին տեղեկացրեց սփյուռքահայ գրողների հրատարակած գրքերի եւ սփյուռքահայ մտավորականների անձնական գրադարաններից Մատենադարանին նվիրելիք գրականության անբավարար լինելու մասին՝ այս հարցում ակնկալելով նախարարության աջակցությունը:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ առաջիկայում Մատենադարանին կհատկացնեն Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հրատարակած գրքերից, ինչպես նաեւ «Գրական Սփյուռք» տարեգրքի համարներ: Նախարարն առաջարկեց նաև Մատենադարանի ընթերցասրահում ստեղծել «Սփյուռքահայ գրողներ» բաժինը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների շրջանակներում համատեղ միջոցառումներ ու բանախոսություններ կազմակերպել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մատենադարանի տնօրինությունը հույս հայտնեց, որ Սփյուռքի նախարարության և Ս. Էջմիածնի Մատենադարանի միջև սկիզբ կառնի բեղմնավոր և արդյունավետ համագործակցություն: