Լուրեր

Նոր եւ արժեքավոր համալրում

Նոր եւ արժեքավոր համալրում

  • 23 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետաշինարարական բաժնի ծրագրերի ղեկավար Մերի Դանիելյանը Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրեց «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» երկլեզու՝ գերմաներեն և անգլերեն գիրք-ալբոմը:

    Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի համագործակցության շրջանակում հրատարակված այս գրքում ներկայացված է Հայաստանի պատմությանը, մշակույթը, ճարտարապետությանը:

    Գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետազոտական աշխատանքներ, հայկական մշակութային ժառանգության մեջ բնական քարի քայքայումների ուսումնասիրություն, վնասի գնահատում: Հայաստանից ծրագրին մասնակցել են նաև ԻԿՕՄՕՍ/Հայաստան ազգային կոմիտեն, Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալությունը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, հնագիտության ինստիտուտը, Էրեբունի թանգարանը:

    Օտարալեզու հանրությանը մեր երկիրը ներկայացնող այս բովանդակալից ու նկարազարդ գրքում հրատարակված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետաշինարարական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նալբանդյանի, ծրագրերի ղեկավար Մերի Դանիելյանի հոդվածները, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի հոդվածը:

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում մեծազնիվ տիկին Դանիելյանին կատարված արժեքավոր նվիրատվության համար:

    shape
    book-shape