Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Աշտարակի հայորդաց տանը փետրվարի 13-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 249-ամյակին նվիրված գիտաժողով։ Համատեղ նախաձեռնել են Արագածոտնի թեմն ու մարզպետարանը, Աշտարակի քաղաքապետարանը:
Այն մեկնարկեց Աշտարակի Սբ․ Մարիանէ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Փառեն քահանա Առաքելյանի օրհնության և ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ողջույնի խոսքերով: Գիտաժողովին ներկա էր նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը:
Ներսես Աշտարակեցու կյանքին, հոգևոր, պետական, հասարակական, քաղաքական, կրթական գործունեությանը նվիրված զեկուցումներ ներկայացրեցին հայագիտության ոլորտի անվանի դոկտոր-պրոֆեսորներ, գիտաշխատողներ, հոգևորականներ։
Սբ. Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը զեկույց ներկայացրեց «Մի դրվագ 19-րդ դարի առաջին կեսի հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններից» թեմայով: Արժանապատիվ Տեր Հայրը զեկույցում անդրադրձավ Հայ Եկեղեցու բազմադարյա լայնածավալ գործունեությանը՝ նշելով, որ Հայ Եկեղեցին մշտապես հանդես է եկել, որպես քրիստոնեական և ազգային արժեքներ ստեղծող և պահպանող համազգային կառույց, որն իր հոգեփրկչական և ազգապահպան գործունեությունն իրականացրել և իրականացնում է նվիրյալ և նախանձախնդիր եկեղեցականների միջոցով:
Այդ փաղանգից Տեր Հայրն առանձնահատուկ շեշտադրեց ազգային-եկեղեցական մեծանուն գործիչ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու դերակատարությունը. «Մեր նպատակն է մասնագետների ուշադրությունը սևեռել 1830-40-ական թվականներին տեղի ունեցած հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններին, որտեղ Աշտարակեցին հանդես է եկել որպես հմուտ աստվածաբան և եկեղեցական գործիչ, ինչի շնորհիվ ոչ միայն դյուզն ինչ չզիջել և չշեղվել հայոց հավատքից, այլև օտարին ապացուցել է Հայ Եկեղեցու դարավոր հավատքի ճշմարտացիությունը»,-ամփոփելով զեկույցը նշեց Տեր Արարատ քահանա Պողոսյանը: