Լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն

  • 28 Dec 2016
  • Դեկտեմբերի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

    Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը: Վարդապետական թեզի վերնագիրն էր «Հոգեբանական գիտելիքների կարևորությունը հոգևոր հովվի ծառայության մեջ»: 

    Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
    Պաշտպանությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Բագրատ Սրբազանը: Այնուհետև Հայր Զավենը ներկայացրեց իր կողմից պաշտպանվող վարդապետական թեզը, որից հետո գրախոսությամբ ելույթ ունեցավ հոգեբանության գիտության դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը:

     Հավարտ բանավոր պաշտպանության, քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

     Վարդապետական թեզի պաշտպանությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և այլ հրավիրյալներ:

     Նույն օրը, Ամենայն Հայոց Հայրապետի հայրապետական բարձր տնօրինությամբ, ձևավորված գեղեցիկ ավանդության համաձայն, ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ արժանացավ մասնավոր վարդապետական աստիճանի:

    shape

    տեսադարան

    book-shape