Լուրեր

 Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետության 10 աստիճանները

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետության 10 աստիճանները

  • 13 Mar 2017
  •      Ծայրագույն վարդապետության աստիճանի համար մարտի 13-ին «Ս. Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն և բնագրեր)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Թեզի բանավոր պաշտպանությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ: 

        Պաշտպանությունը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա խոսքով հանդես եկավ ծայրագույն վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով կատարված աշխատանքի կարևորությանը, նախապաշտպանության ժամանակ արված դիտողություններին և առաջարկներին: Հանձնաժողովի կարծիքն ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, թեզի ընդդիմախոս Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հրավիրելով Զաքարիա վարդապետին բանավոր պաշտպանության:

         Զաքարիա վարդապետ Բաղումյանն իր խոսքում անդրադարձավ թեզի նպատակին, արդիականությանը և գիտական նորույթին, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

        Բանավոր պաշտպանությունից հետո հանձնաժողովը, որի կազմում էին նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, դրական եզրակացություն տվեց թեզի պաշտպանությանը` արժանի համարելով Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանին ստանալու ծայրագույն վարդապետության 10 աստիճանները:

         Առաջիկայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հայր Սուրբը, ընկալյալ ավանդույթի համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա ծայրագույն վարդապետության աստիճան:

    shape
    book-shape