Լուրեր

Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում …

Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում …

  • 18 Feb 2022
  • Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

    Այն մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա ավանդույթ դարձած արարողությամբ՝ գրքերի նվիրատվությամբ։

    Մատենադարանի տնօրենությունը կրոնագիտական, աստվածաբանական, պատմական, հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ նվիրեց Մայր Աթոռի միաբաններ Տ. Ներսես աբեղա Հարությունյանին, Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանին, Տեր Ադամ քահանա Մակարյանին։

    Տոնի խորհուրդն ամբողջացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ տպագրված «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» գրքի շնորհանդեսով:

    Ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։ Շնորհավորելով ներկաներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց նորատիպ գիրքը՝ որպես եզակի երևույթ մեր գիտական հանրության համար։ Այնուհետև շնորհավորանքի և ողջույնի խոսքերով հանդես եկան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, որից հետո խոսքը տրվեց աշխատասիրող պարոն Արմեն Մալխասյանին։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և ողջույնի խոսքը:

    Միջոցառումը ինքնատիպ կատարումներով զարդարեց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը (գեղ․ ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյան)։

    Միջոցառման ավարտին, հավատարիմ մնալով օրվա խորհրդին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը բոլոր մասնակից հյուրերին նվիրեց Տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի «Հավատի ու հույսի պսակը» քարոզների ընտրանին։

    Գիրք նվիրելու օրը խորհուրդ ունի, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը յուրաքանչյուր տարի առաջնորդվում է այդ խորհրդով։

    Միջոցառումն իրականացվեց Սուրբ Էջմիածնի Մատենադարանի բարերար տիար Վաչե Մանուկյանի հովանավորությամբ:

    shape
    book-shape