Լուրեր

Հայ եկեղեցին մշտապես եղել է հավատքի, հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց

Հայ եկեղեցին մշտապես եղել է հավատքի, հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց

  • 28 Oct 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչության մասի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր միանգամայն արդիական է հիշել պատերազմների տեսության մասնագետ Մ. Վոլզերին, ում կարծիքով՝ հարձակումն այն միակ հանցագործությունն է, որը պետությունը կարող է կատարել մեկ այլ պետության դեմ: Ըստ հոգեւորականի, դեռ հին ժամանակներից մարդկային հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական առաջընթացին զուգահեռաբար զարգացել է նաեւ ռազմական ոլորտը: Հին աշխարհի պետական կազմավորումները նոր տարածքներ նվաճելու, ռազմագերիներ ու ռազմավար վերցնելու եւ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար՝ ձեռնարկել են իրենց հարեւան երկրների վրա հարձակումներ: Նա նշել է, որ 21-րդ դարը առանձնապես չի տարբերվում Հին աշխարհից, մինչդեռ առաջադեմ հասարակությունը տարբեր ամբիոններից տարիներ շարունակ ելույթներ էր ունենում՝ հարցականի տակ դնելով ընդհանրապես մշտական բանակ ունենալ-չունենալը:

              Պետությունները միմյանց միջեւ ծագող հարցերը շարունակում են լուծել նախորդ դարերում ընդունելություն գտած ձեւերով` զենքի եւ բռնության միջոցով: Այնպես որ, հարցի պատասխանը եւս տրվել է դեռեւս Հին աշխարհում. օրինակ՝ Արիստոտելն իր նշանավոր «Պոլիտիկա» աշխատության մեջ գրում է. «Պետություններին անխուսափելիորեն հարկ է լինում օգտագործել այնպիսի զինված ուժեր« որոնք պիտանի են ոչ միայն իրենց տարածքի պաշտպանության, այլեւ դրանից դուրս գտնվող վայրերում գործելու համար: Եթե անգամ որեւէ մեկը հավանություն չի տալիս նման կենսակերպին` ո՛չ մասնավոր, ո՛չ հասարակական, այդուհանդերձ պետք է թշնամիներին երկյուղ  ներշնչել ոչ միայն երկիր նրանց ներխուժելու դեպքում, այլեւ այն ժամանակ, երբ նրանք հեռու են»:

                Նա ավելացրել է․

    -Մեր հոգեւորականներն այս պատերազմական օրերին հայ զինվորի ու կամավորի կողքին են: Հայ եկեղեցու դիրքորոշումը եղել, մնում եւ մնալու է խաղաղասիրությունը: Սակայն Հայ եկեղեցին, երբեւէ չհեռանալով քրիստոնեական եւ համամարդկային բարոյական արժեքներից՝ մշտապես եղել է ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլեւ Հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց: Հենց դա է նրա` ազգային նկարագիր ձեռքբերելու բացառիկ իրողությունը: 

     

    shape
    book-shape