Լուրեր

«Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ». միջազգային համաժողով Մայր Աթոռում

«Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ». միջազգային համաժողով Մայր Աթոռում

  • 22 Mar 2018
  •       Մարտի 22-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով մեկօրյա երրորդ միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել էր Աթոս լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամի կողմից: 
          Նախքան համաժողովը սկսելը՝ մասնակիցները Մատենադարանի ցուցասրահում դիտեցին Հայաստանի Պետական արխիվի կողմից կազմակերպած «Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» խորագրով ցուցահանդեսը: 
       Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո լիագումար նիստի վարող «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը կոնֆերանսի անցկացմանն աջակցություն բերելու համար մասնակիցների անունից երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մոսկավայի ու Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին: 
          Այնուհետև ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը` փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Տեր Հայրն ուրախությամբ արձանագրեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների ներգրավվածությունը կոնֆերանսին՝ կարևորելով համաժողովին արծարծվելիք նյութերը և ավանդական արժեքների պաշտպանության գործում Եկեղեցու դերակատարությունը: 
         Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի միջքրիստոնեական հարաբերությունների գծով քարտուղար Հոգեշնորհ Տ. Ստեֆան աբեղա Իգումնովը, Գյումրիում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի ներկայացուցչության տեսուչ Հոգեշնորհ Տ. Անդրեյ վարդապետ Վացը և Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռուբինսկին և այլոք: Ընթերցվեց նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը կոնֆերանսի մասնակիցներին:
       Համաժողովին ավանդական, ընտանեկան արժեքների, դրանց սպառնացող մարտահրավերների, այս առնչությամբ աշխարհաքաղաքական իրողությունների ներգործության, երիտասարդության աշխարհայացքի ձևավորման վրա հեռուստատեսության և սոցիալական ցանցերի ազդեցությունների վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին Հայաստանի և Ռուսաստանի փորձագետներ, հասարակական գործիչներ և եկեղեցականներ:
         Զեկուցումներին հաջորդած քննարկումների ավարտին համաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

    shape
    book-shape